Ֆուտբոլի վետերանները միահամուռ հաստատում են, որ տարիներ շարունակ Երևանի «Արարատի» և Բաքվի «Նևթչիի» խաղերը վերածվել են երդվյալ թշնամիների բախումների: Մոսկվայի «Տորպեդոյի» դարպասապահ Վյաչեսլավ Չանովն իր հուշերում պատմում է, որ երբ 1984-ի մայիսին «Արարատը» հաղթել էր բաքվեցիներին' Բաքվի մարզադաշտում երկու գնդակ խփելով մրցակցի դարպասը, ադրբեջանցիները պարտությունը «նշանավորել» էին իրենց մարզադաշտը հրկիզելու փորձերով և քաղաքում հրահրված ջարդերով: Իսկ 1985 թվի հանդիպումներից մեկն ընդհանրապես կարող էր ավարտվել ողբերգությամբ: Բանն այն է, որ այդ տարի լրանում էր Շուշիի ջարդերի 65-րդ տարելիցը, և ֆուտբոլային հանդիպման նախօրեին Բաքվում սադրիչ թռուցկիներ էին տարածվել: Խաղը կայանալու էր ապրիլի 21-ին: Սարսափած ղեկավարությունը որոշում է խաղը հետաձգել, սակայն վերջին պահին վճռում են այն անցկացնել' իրավապահների խիստ հսկողության տակ: Այդ օրը «Նևթչիին» հաջողվում է մեկ անպատասխան գնդակ խփել հայերի դարպասը: Գոլը փոքր-ինչ լիցքաթափում է կատաղած ամբոխին: Բայց ժամանակավորապես: Խաղի ավարտից հետո հանդերձասրահում վիճաբանություն է ծագում, որն արագ վերածվում է ձեռնամարտի: Միայն միլիցիայի միջամտությամբ է հաջողվում խուսափել արյունահեղությունից:

 

 

Հովիկ Չարխչյան