Լ.Զուրաբյանը փաստարկել է հրաժարվելը նրանով, որ կառավարությունն առանց ընդդիմության էլ կարող է քննարկել և կատարել կետերը, իսկ Ռ.Հակոբյանը շեշտել է, որ անիմաստ է կառավարության հետ որևէ բան քննարկել, միաժամանակ հավելելով, որ ամենակարևորը 10րդ կետի՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու պահանջի կատարումն է:
Սովորական քաղաքացին հիմա հարց կտա. իսկ ու՞ր մնաց մեր սոցիալական վիճակի փոփոխությունը, աշխատատեղերի ստեղծումը... թե՞ դուք միայն ձեր աշխատատեղի՝ պատգամավորի աթոռի մասին եք մտածում, քանի որ բոլոր պահանջներից առանձնացրեցիք միայն այն մեկը, որ նպաստում է ձեր վերընտրվելուն:
Իսկ սովորական ընտրողը հիմա կասի, որ նրանից, փաստորեն, պահանջվում է միայն ձեզ նորից վերընտրել, իսկ ընտրողի սոցիալական խնդիրները և այլ իրավունքները, որոնք չեն լուծվում և չեն իրացվում, ձեզ, փաստորեն, հետաքրքրում են երկրորդ և երրորդ պլանում, առաջնայինն այն է, որ ընտրողը ձեզ ընտրի: Իսկ քանի որ հանրապետականի հետ մեծամասնականով պայքարելու ռեսուրսներ չունեք, շեշտում եք համամասնականին անցնելը, բայց ընտրողին դա ի՞նչ է տալու: Ոչինչ. ընտրվողն ընտրվելու է, քանի որ ընտրողն ընտրելու է՝ իր կամքով, կամ ծանոթով, կամ փողով...
Նախ դուք պետք է մրցունակ դառնաք, իսկ այս գործելաոճով մրցունակ քաղաքական ուժ դառնալ չեք կարող, քանի որ ձեզ ընտրողին ոչ թե ձեր սկզբունքային դիրքորոշումն է հետաքրքրում, որը, կարծես, ձեր ինքնահաստատմանն է նմաստում, այլ իր խնդիրների լուծումը՝ քննարկման, համատեղ զիջումների՝ ինչ ձևով որ կլինի, կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը:
Ձեզ առաջարկվել է քննարկման ձև, ֆորմատ, հարթակ, ընտրողն էլ ձեզ ընտրել է քննարկելու, ոչ թե քննարկումներից հրաժարվելու համար: Հիմա մեկ անգամ նորից ընտրի, որ ի՞նչ...
Մովսես Դեմիրճյան