ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:


Նշված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող համայնքների բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու համար: Նշված համայնքների բնակիչները գտնվում են կյանքին և գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, ինչը էականորեն սահմանափակում է սեփական բարեկացությունը ապահովելու նրանց հնարավորությունը:


Սույն օրենքի նախագիծը նախատեսում է սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից:


Սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձիք ազատվում են սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկից եւ սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած անշարժ գույքի գույքահարկից:


Սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանով՝ նույն համայնքի տարածքում:


Սահմանամերձ համայնքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրմանը ծախսերի համար:


«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը կնպաստի սահմանամերձ համայնքների սոցիալական դրության թեթևացմանը, քանի որ ռազմավարական տեսանկյունից կարևոր է սահմանամերձ համայնքների զարգացումը, որը ապահովելու է հայ զինվորի թիկունքը:

 

 

Նարեկ Պողոսյան