Այս հոյակերտ եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1869 թ. մայիսի 4-ին՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի անվամբ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Բաքվում ու մերձակայքում գործող վեց (Սբ. Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Թարգմանչաց, Սբ. Հովհաննես Մկրտչի, Սբ. Թադեոս և Բարդուղիմեոս, Սբ. Եղիայի և Սբ. Անդրեասի) հայկական եկեղեցիներից կանգուն են մնացել միայն Սբ. Աստվածածինը և Սբ. Գրիգոր Լուսավորիչը: 1988-1990 թթ. Ադրբեջանում սկիզբ առած հայահալած քաղաքականության պայմաններում, 1989 թ. դեկտեմբերի 25-ին ադրբեջանական խուժանը քանդել ու հողին է հավասարեցրել Սբ Աստվածածինը, հրդեհել Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի հետևանքով այրվել են մեծ քանակությամբ եկեղեցական արժեքավոր գրքեր, սրբապատկերներ, կրոնական ամբողջ գույքը: Պղծելով եկեղեցին՝ Ադրբեջանի իշխանություննները շենքն օգտագործել են այլ նպատակներով․ նախ այն տրամադրվել է մի շինարարական կազմակերպության, այնուհետև օգտագործվել որպես գրքերի պահեստ: Գմբեթից ու զանգակատնից հանել են խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինել երկաթյա դռներով, երկու պատուհանները պատել, քերել հյուսիսային ու հարավային մուտքերի երկու կողմից երիզվող զույգ խաչքարերը, հայկական արձանագրությունները ջնջել եւ ավերել կից գերեզմանատունը։