Երբ գրում են քաղաքական գործիչ, քաղաքականություն, քաղաքական ուժեր, գաղափարախոսություն, ծրագիր, զանազան քարտեզներ և համանման ճոռոմ-ճոռոմ բաներ, ակամա ժպտում եմ, որովհետև մեծ հաշվով այդ կուսակցությունները, քաղաքական ուժերը ոչ թե ստեղծվել են, առաջացել են, համխմբվել են գաղափարախոսության շուրջ, այլ ստեղծվել են հետո' ստիպված այստեղից այնտեղից արտագրել, կցել-կցմցել, կպցրել ինչ-որ մտքեր ու դարձրել իրենց գաղափարախոսությունը' կարկատած, էկլեկտիկ գաղափարախոսությունը: Այդ ուժերի նպատակը եղել է իշխանությունը, իշխանական լծակները, ունեցած, կուտակած հարստությունը պահպանելը կամ ավելացնելը և ուրիշ ոչինչ:
Սովորաբար մարդիկ համախմբվում են գաղափարի, գաղափարախոսության շուրջը և նոր ստեղծում կուսակցություն, մտածում ստանձնել իշխանությունն այն իրականացնելու համար: Իսկ մեզանում ինչպես ամեն ինչ, սա էլ հայկական տարբերակ է' ձևախեղված, անտրամաբանական ու այլասերված…
Դրա համար էլ այս վիճակն է, այս անհասկանալի քաղաքական դաշտը, իր տարաբնույթ ընդդիմություններով, ընդդիմության այլընտրանքային խաղերով, որն ավելի շատ նման է ժողովրդին քթից բռնած ման տալուն…Ինչ քաղաքականություն, ինչ գաղափարախոսություն?...Չկա նման բան…Դրանք' այդ ուժերի մեծ մասը, արդեն վարկաբեկվել, աջ ու ձախ տրվել, ամուսնացել, բաժանվել, նոր զույգ են կազմել, եռյակ դարձել, հիմա էլ հաստատ կտարասեռվեն ու կտրոհվեն…Գրել էի չէ, երեք գլուխ մի ղազղանում չի եփվի, հնարավոր չի,կարծես այդպես էլ եղավ…
Հարգելի ժողովուրդ, հարգարժան քաղաքացիներ մեկընդմիշտ իմացեք, որ նրանք ձեր մասին չեն էլ մտածում, նրանք թքած ունեն, նրանց դուք պետք չեք, կամ ավելի շուտ պետք եք որպես գործիք իշխանության հասնելու համար…Ընդամենը և ուրիշ ոչինչ…
Մի քանի ինքնաբուխ քաղաքացիական շարժումներ ավելի մեծ դեր են ունեցել և ավելի կարևոր գործեր են արել, փոխել հասարակությանն ու ժողովրդին, ջարդել կարծրատիպերը, քան այս քաղաքական ջոջերն իրենց քաղաքական կոնյուկտուրային հաշվարկներով և տրվելու անհագ ցանկությամբ…
Տրվեք, կիսվեք, բազմացեք, միացեք անջատվեք, ինչ ուզում եք արեք, բայց ժողովրդի մասին մեկ է դուք չեք մտածում…Բացարձակ…
Հիմա էլ ուզում եք փչացնեք, ձախողեք նաև Մեծ Եղեռնի 100-ամյակի, եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները, հեղինակազրկեք մեր պետությանը, մեր ժողովրդին:
Վերջ տվեք իշխանության համար տարվող պայքարին, գոնե ժամանակավորապես…Գոնե հիմա, 100-ամյակի միջոցառումների նախապատրաստման, անցկացման ժամանակ դադարեցրեք ձեր այդ «պայքարը», քաղաքական խաղերը, շահարկումները, գոնե հիմա քաղաքական պայքարի մորատորիում է պետք հայտարարել, գոնե մի անգամ քաղաքական համաձայնության գալ…Գոնե մինչև 2015թ. ապրիլի վերջը:
Ռոբերտ Մելքոնյան