Այսօր աշխատանքային շրջայցով այցելել էի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ միասին հանդիսավորությամբ բացեցինք Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում հիմնանորոգված «Մալաթիա» պուրակը։ Նախկինում կիսաբարեկարգ ու անխնամ 1.7 հա մակերեսով տարածքն այսօր դարձել է բնակիչների հանգստի կազմակերպման իսկապես լիարժեք գոտի: Պուրակը մատչելի է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիների համար, ինչը քաղաքային իշխանությունների կողմից առանձնակի կարևորվող պահանջ է, որ դրվում է քաղաքաշինական բոլոր ծրագրերի հիմքում: Պուրակի 9 մուտքերից 5-ն ապահովված են թեքահարթակներով և հաճելի էր տեղում նաև արձանագրել, որ դրանք լիարժեք բավարարում են հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիներին, ովքեր իրենց գոհունակությունն անձամբ հայտնեցին մեզ:

 


Բնակիչների հետ միասին մասնակցեցի նաև վարչական շրջանի բարեկարգված մի շարք բակերի հանդիսավոր բացումներին ։ Այգիների և բակերի կառուցման շինարարական փուլում բնակիչների կարծիքն ու խորհուրդներն անպայման հաշվի առնելու մեր որդեգրած սկզբունքն իսկապես մեծ ոգևորությամբ է ընդունվել մեր համաքաղաքացիների կողմից, ինչի մասին գոհունակությամբ կիսվում էին ինձ հետ:

 


Այսօր շահագործման հանձնեցինք նաև Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը, որը քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգված 11 երաժշտական դպրոցներից մեկն է, որտեղ ավելի քան 500 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Թիվ 92 մանկապարտեզում էլ տոնական էր տրամադրությունը: Այս տարվա շինբարեկարգման ծրագրերով հիմնանորոգված թվով 23 մանկապարտեզներից մեկն էլ հենց սա էր ու հաճելի էր արձանագրել, որ այստեղ իրոք սպասված էր ծրագրի իրականացումը:

 


Օրն ամփոփելով վստահաբար կարող եմ ասել, որ երբ տեսնում ենք մեր փոքրիկների ժպիտը, մեր համաքաղաքացիների ուրախությունը, որ իրենց բակային տարածքում ունեցան հանգստի գոտի, դա մեզ ավելի է ոգևորում ընդլայնելու ծրագիրն ու բարեկարգելու մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքները, որոնք դեռևս սպասում են բարեկարգման: Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մենք կավարտենք ծրագիրն ու Երևան քաղաքում այլևս անբարեկարգ բակ չենք ունենա։

 

 


Տարոն Մարգարյան