Մեզ հասած մագաղաթյա հայ հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը 7-8-րդ դարերին վերագրվող «Վեհամոր Ավետարանն» է: XIX դարի վերջին այն գտնվել է պատմական Ուտիքի Գարդման գավառի Բանանց գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ներկայումս' Բայան գյուղ, Դաշքեսանի շրջան, Ադրբեջան): Տեղացիները հնության ու զորության համար ավետարանն անվանել են «Ծեր» ու «Պահապան»:
1975 թվականին Հայ առաքելական եկեղեցու Ադրբեջանի հոգեւոր թեմի առաջնորդ Տեր Վահան եպս Տերյանը մատյանը բերել է Էջմիածին եւ նվիրվել Վազգեն Ա Վեհափառին: Այն ստացել է «Վեհամոր ավետարան» անունը' ի հիշատակ կաթողիկոսի մոր' Սիրանույշ Պալճյանի: