Մինչ ես նյութի վրա եմ աշխատում, կինս աղջկաս հետ միասին դիտում են "Արմենիա" հեռուստաընկերության "Հայաստանի ձայն" հաղորդումը: Ականջիս խփեց 7-ամյա աղջկաս հարցը. "Էս ինչի՞ են ռուսերեն խոսում": Մի պահ նայեցի հեռուստաէկրանին՝ Եվա Ռիվասն էր ռուսերեն մեկնաբանում հերթական ելույթը: Տարիներ առաջ նրան պատիվ ընձեռվեց Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում: Այն ժամանակ հայերեն չգիտեր: Տարիներ են անցել եւ նա նորից հայերեն չգիտի: Իր իրավունքն է: Սակայն, իմ կարծիքով, եթե մարդ ցանկանում է մուտք գործել Հայաստան, հայաստանյան շոու-բիզնես, եթե չասեմ պարտադիր է, ապա ցանկալի է, որ հայերեն սովորի: Առավել քան նոնսենս է նրա ռուսախոսությունը /հավասարապես կլիներ որեւէ մեկի անգլիախոսությունը կամ ֆրանսիախոսությունը/ հայկական հեռուստաընկերության եթերում՝ որեւէ նախագծի շրջանակներում: Խորհուրդ չեմ տալու, թե հեռուստաընկերությունն ում հրավիրի կամ չհրավիրի նախագիծ՝ ժյուրի լինելու համար: Իրավունքը իրենն է, Եվան էլ, Սոնան էլ կարող են իրենց իրավունքը համարել տարիներ շարունակ գոնե խոսակցական հայերեն չսովորելը: Բայց Արմենիա հեռուստաընկերությունը պարտավոր է առնվազն հարգել ՀՀ Սահմանադրությունը, Լեզվի մասին օրենքը, եւ ապահովել նրա եւ այլոց օտարալեզու խոսքի թարգմանությունը, հատկապես երբ հաղորդումը ուղիղ եթեր չէ: Եթե սեփական լեզուն հարգելու, իմանալու չգրված նորմերը չեն հարգվում, գոնե հարգեք օրենքի գրված նորմերը: Չնայած, որքան տարիներ առաջ հարգեցիք "Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ" խաղը հայերեն վարելու օրենքի ու հասարակության մի հատվածի պահանջը, այնքան էլ այս մեկը կհարգեք:

 

 

Ստյոպա Սաֆարյան