Անցյալ շաբաթ Ադրբեջանից մոտ 40 ընտանիք մեկնել է Թուրքիա Սիրիայի տարածք ներթափանցելու նպատակով: Այդ մասին թերթերից մեկին հայտնել է Ֆարհադովների ընտանիքը, որոնց երեք ներկայացուցիչներ իրենց կանանց հետ այժմ գտնվում են Սիրիայում: Նրանց հետ Թուրքիա են մեկնել մոտ 40 ընտանիք, որոնց մի մասին արդեն հաջողվել է անցնել Սիրիայի տարածք: Ֆարհադովները շոկի մեջ են կատարվածից: Նրանց տղաները վաճառել են իրենց ամբողջ ունեցվածքը և ընդմիշտ լքել Ադրբեջանը:

Նույնիսկ կասկածներ կան, որ վաճառված ունեցվածքի ու տների գումարը բաժանվել է իրենց համախոհների միջև: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ այդ 40 ընտանիքներ ներկայացուցիչները հատուկ քայլի են գնացել երկիրը լքելու ու կասկած չհարուցելու համար' տղամարդիկ սափրել են մորուքները, իսկ կանայք հանել են գլխաշորերը և շպարել երեսները կոսմետիկ միջոցներով: Նրանք Ադրբեջանից գնացել են իբր բուժման նպատակով:


Դժվար է ասել, թե որքանով է ստույգ տվյալ ինֆորմացիան, սակայն առանց կրակի ծուխ չի լինում, հետևաբար կարելի է փաստել, որ Ադրբեջանից Սիրիա մեկնողների թիվն անընդմեջ ավելանում է:

 

 

Սարգիս Ասատրյան