Վրաստանն այս պահին ՆԱՏՕ-ում չունի ներկայացուցիչ: Տվյալ պաշտոնն զբաղեցնող Լևան Դոլիձեն հրաժարական է ներկայացրել: Վերջինս պաշտոնից ազատված Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի կուսակցության անդամ է: Ուստի դժվար չէ գուշակել Դոլիձեի նման որոշման պատճառը:
Հիշեցնենք, որ Ալասանիային աշխատանքից ազատելուն հաջորդել էր հրաժարականների շքերթ. զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել Եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն (ով, ի դեպ, Ալասանիայի կնոջ քույրն է), ինչպես նաև՝ վերջինիս չորս տեղակալները:
Հ.Գ. Վերոնշյալ արդեն նախկին պաշտոնյաները ներգրավված էին եվրաինտեգրման՝ Վրաստանի համար շատ կարևոր և արդիական գործընթացում, և այդ ուղղության ջատագովն էին: Տեսնենք՝ ովքեր կշարունակեն նախկինների աշխատանքը և ինչ արդյունավետությամբ: Դրանից մեծապես կախված կլինի մեր հարևան երկրի թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության իրականացման հետագա պատկերը:
Ալիկ Էրոյանց