Օրերս,2015թ․-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կախարդական փայտիկ չունի և ի վիճակի չի միանգամից վերացնել անցյակի արատավոր պրակտիկայի արդյունքները։ Այն, որ ոչ մի տնտեսական զարգացում միանգամից չի լինում, ես միանշանակ համամիտ եմ, սակայն անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչով էր զբաղված Հովիկ Աբրահամյանն իր ՀՀ ԱԺ-ի նախագահի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում․ միթե չէր շփվում այդ արատավոր պրակտիկայի ղեկավարների հետ,անտեղյակ էր այն ամենից ինչ կատարվում է կամ ի վիճակի չէր որպես ԱԺ-ի ղեկավար միջամտել այդ արատավոր երևույթների վերացմանը։ Ստացվում է այնպես, որ ՀՀ տնտեսությունը դարձել է նույն համակարգից իրար հերթափոխող պաշտոնյաների մի շղթա,որոնցից յուրաքանչյուրը հայտարարում է, որ պատասխանատու չի նախորդի սխալների համար և խնդրում է իրեն քավության նոխազ չդարձնել, իսկ արդյունքում ՀՀ տնտեսության զարգացումը դոփում է տեղում, երկրում չի կրճատվում աղքատության շեմը և միայն կախարդական փայտիկն է, որ կարող է եղանակ փոխել այս իրավիճակում։ Այսինքն,ստացվում է, որ բոլոր զարգացող և զարգացած երկրներում տնտեսություն են կառուցել կախարդական փայտիկների միջոցով․․․Այս ամենն այնքան պարզամիտ է և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու համար անհարիր, որ չես կարող չբարկանալ և չասել, որ պաշտոնավարման հենց սկզբից հարկավոր էր սկսել հենց նախկինի արատավոր պրակտիկայի բացահայտումից և հետո կախարդական փայտիկներ փնտրելու փոխարեն գիշերուզօր աշխատել։ Հովիկ Աբրահամյանի ՀՀ վարչապետ նշանակվելու օրվանից անցել են ամիսներ և շուտով ես լուրջ տնտեսական նախագծեր եմ պահանջելու ՀՀ կառավարությունից, իսկ դա կախարդական փայտիկների միջոցով կանի Հովիկ Աբրահամյանը, թե ոչ, ինձ բնավ չի հետաքրքրում։
Անի Զախարյան