1 մլն. մարդ երկրի ներսում, 9 մլն.-ը դրսում..

 

Եթե սրան ավելացնենք նաև միլիոնավոր կիսաձուլված հայեր՝ Թուրքիայում և այլուր, ապա պատկերն ավելի արտահայտիչ կլինի, մեր ազգային գլխավոր ողբերգության յուրահատկությունը նույնպես: Իսկապես, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է: Կա՞ կամ երբևիցե եղե՞լ է նման իրավիճակում հայտնված մեկ այլ ժողովուրդ, չգիտեմ, սակայն մի բան ակնհայտ է, որ եթե այս իրավիճակի վերջը չտրվի, իրավիճակը հաստատ մեր վերջը կբերի:

 

Շատ ենք խոսել այն մասին, որ անկախությունից հետո Հայաստանի դրածո իշխանությունները Սփյուռքի մասին հատուկ օրենք և պետական մակարդակով ներգաղթ կամ «բաց դռների քաղաքականություն» վարելու փոխարեն, ամուր փակեցին սեփական հայրենիքի դռները աշխարհասփյուռ հայության երեսին: Մինչդեռ ամենապարզ տրամաբանությունը հուշում էր, որ Սփյուռք ունեցող որևէ նորանկախ երկրի իշխանություն, պետք է օգտագործեր իր ժողովրդի ամբողջ ներուժը, շնորհելով նրան քաղաքացիություն, արժանացնելով սեփական հայրենիքի վերակառուցման պատվին:

 

Եթե հայրենաբնակ մեր ժողովուրդը չգիտակցի իր իշխանությունների ազգադավ այս քաղաքականությունը և դատապարտելու փոխարեն ինքը շարունակի հեգնանքով, առհամարանքով, նույնիսկ վիրավորանքով վերաբերվել ճակատագրի բերումով աշխարհացիր եղած իր ազգակիցների նկատմամբ, ապա կորուստը լինելու է երկկողմանի անփոխարինելի՝ հայության զույգ հատվածների համար: Առօրյա կյանքում, մամուլում, համացանցում, շատ ենք հանդիպում սփյուռքահայության հասցեին արված վիրավորանքներ, հատկապես համարելով նրանց «հայրենիքից թռածներ»: Շատ գրագիտություն, խելք և գիտակցություն պետք չի հասկանալու համար, որ այդ «կոչմանը» կարելի է արժանացնել միայն ու միայն երկրից փախած այն հատվածին, որը դրսում ամբողջովին մոռացավ իր հայրենիքն ու ժողովրդին, կտրվեց ամեն ինչից ու ընկավ սոսկ սեփական հաճույքների հետևից: Մի անգամից ասենք, որ հայերի այս կատեգորիան մեծ թիվ չի կազմում և արտագաղթածների հիմնական հատվածը հասել է իր հայրենիքին ու ժողովրդին՝ ինչով կարողացել է: Հանուն ճշմարտության ասենք նաև, որ «թռածները» քիչ չեն նաև հենց երկրի ներսում, որոնց կյանքում սեփական մորթուց բացի ոչինչ չի հետաքրքրում:

 

Դարերով պետականազուրկ հայության համար աշխարհով մեկ թափառելը եղել է գոյության խնդիր և հայապահպանման ՄԻԱԿ և ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ձևը: Սփյուռքի այս հատվածին ևս ինքնաբերաբար «թռածների» կարգավիճակին արժանացնելը, ոչ միայն տգիտություն և անգրագիտություն է, այլ նաև խղճին է դեմ: Նմանատիպ վերբերմունքի պատճառով, ամեն ինչով հայրենիքին թիկունք կանգնած Սփյուռքը ևս աստիճանաբար հիասթափվում է հայրենիքից, օտարանում ու դառնում է անտարբեր: Եթե հայության զույգ հատվածներում ի հայտ չգան ազգակործան այս վտանգը հասկացող լուրջ մարդիկ և կազմակերպված, համակարգված աշխատանք չտանեն վերահաս աղետը կանխելու, ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ, մեր բանը բուրդ է լինելու:

 

1 մլն.ներսում, 9-ը դրսում: Սա կատարյալ աննորմալություն է, տկարամիտն անգամ կհասկանա, որ սա մեր ՎԵՐՋՆ Է և ոչ մի թշնամու միջամտություն պետք չէ դրա համար: Ես զարմանում եմ, որ մեր ժողովուրդը, մանավանդ բանիմաց, հասկացող և կարող անհատները, այս ճակատագրական, ողբերկական հարցից զատ այլ «բաներով» են զբաղված: Արդեն ստիպվա՛ծ ենք հասկանալու, որ 1 մլն-ը, այն էլ նորացվող «գաղութում» երկար չի ձգի, իսկ եթե Հայաստանին մի բան եղավ՝ Սփյուռքը՝ մեկ սերունդ չի ձգի:

 

 

Արմեն Զատիկյան