Երեկ Հրապարակ թերթին տված հարցազրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է եռյակի հանրահավաքներին ու նշել, թե երբ հրապարակում կհավաքվի այնքան մարդ, որ ավելի շատ կլինի իշխող կուսակցության հավաքած ձայներից, այդ ժամանակ կարելի կլինի խոսել արտահերթ ընտրությունների մասին: Այս հայտարարությունն առաջին հայացքից պարզունակ է թվում, սակայն երբ այն դիտարկում ենք ոչ իշխանական գործիչների որոշ հայտարարությունների ֆոնին, այն դառնում է միանգամայն տրամաբանական:


Օրինակ' Լ. Զուրաբյանը հանրահավաքի ժամանակ հնչած պահանջները ներկայացնում էր որպես ամբողջ ժողովրդի պահանջ ու կարծիք: Տ. Ուրիխանյանը հայտարարում էր, թե միլիոնավոր մարդիկ են դիտում հանրահավաքը, իսկ Արամ Մանուկյանը հանրահավաքի ժամանակ համոզված պնդում էր, թե հրապարակում 100 հազար մարդ կա հավաքված:


Պարզ է, որ իրականում հանրահավաքն այսիսի ժողովրդական զանգվածներ չի ներառում: Իսկ 20 հազարը բավականին փոքր թիվ է' համեմատած միայն ԲՀԿ-ի մոտ 100 հազար կուսակցականների կամ 2012 թվականին նրա հավաքած ավելի քան 400 հազար ձայների հետ: Էլ չհաշված' «Ժառանգության» ու ՀԱԿ-ի համակիրներն ու այն իրողությունը, որ այս կուսակցությունների թեկնածուները տարբեր ընտրություններում զգալի թվով ձայներ են հավաքել:


Այսինքն' բնական էր, որ եռյակի ուժերը առանց մեծ դժվարության 20 հազար մարդ կարող էին հավաքել հրապարակում: Այս պարագայում արդյո՞ք հավաքված 20 հազարի ցանկությունը դոմինանտ է կամ արտահայտում է հարյուր հազարավորների դիրքորոշումը:

 

 

Էրիկ Մելիքյան