1957թ. Խորհրդային Միությունը տիեզերք արձակեց Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը, որից անմիջապես հետո ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը որոշեց, որ հնարավոր պատերազմի դեպքում իրենց պետք է գալու տեղեկատվության փոխանցման վստահելի համակարգ: Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալությունը (ARPA – Advanced Research Projects Agency) առաջարկեց ստեղծել համակարգչային ցանց, որի նպատակը ցանցի մեջ գտնվող համակարգիչների միջև տվյալների փոխանակության կազմակերպումն էր: Պաշտպանության նախարարությունը հանձն առավ այս նախագծի ֆինանսավորումն ու այն հանձնարարեց 4 գիտական հաստատությունների:
Սկսվեց ARPANET (Advanced Research Projects Agency Network – Առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալության ցանց) անվանումը ստացած ցանցի ստեղծումը, որը ներկայիս համացանցի նախատիպն էր:
Տեխնոլոգիայի առաջին փորձարկումը կատարվեց 1969թ. հոկտեմբերի 29-ին, երեկոյան ժամը 21:00-ին: Ցանցը կազմված էր իրարից 600կմ հեռավորությամբ տեղակայված տեղեկատվական սարքերից: Դրված էր այսօրվա իրականության համար պարզագույն թվացող խնդիր. առաջին օպերատորը երկրորդին պետք է փոխանցեր «LOG» բառը, երկրորդը, այդ բառն էկրանին տեսնելով, պետք է հաստատեր, որ այն իրեն հասել է: Առաջին փորձը ձախողվեց. երկրորդ օպերատորը ստացավ միայն «L» և «O» տառերը: Փորձը կրկնվեց մեկ ժամ անց և այս անգամ պսակվեց հաջողությամբ: Այս փորձարկման օրն ընդունված է համարել համացանցի ծննդյան օր :
Հայկ Դերզյան