Հայաստանում բիզնեսով զբաղվելը բավական բարդ ու նյարդատար գործ է: Առհասարակ, այսօրվա Հայաստանում ապրելն է ամուր նյարդեր ու համառություն պահանջում: Խախտվել են հասարակության ներքին ամրությունն ու զարգացումն ապահովող կապերը՝ իշխանությունը, գործարարներն ու մասնագետ-մտավորականներն ասես զուգահեռ ու չհատվող աշխարհներում ապրեն: Չեմ ուզում այժմ անդրադառնալ այս վիճակի ծնունդը հանդիսացող ներքին խնդիրներին՝ դրանք բազմաթիվ են ու բազմաբնույթ: Ներքին դրսևորումներից բացի կան նաև այս վիճակից բխող արտաքին հետևանքները՝ մեր պետության կողմից որևէ լուրջ բան չի արվում հայ գործարարներին արտաքին առևտրատնտեսական գործունեության հարցերում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու, նրանց հնարավոր ֆինանսական ու նյութական կորուստներից որոշ չափով ապահովագրելու համար: Որևէ տեղ բիզնես հիմնելու կամ առևտրային գործունեություն ծավալելու հեռանկարը փոխկապակցված է տեղի քաղաքական մթնոլորտի առկա վիճակի ու քաղաքական զարգացումների իրական հեռանկարների հետ: Կան երկրներ, ուր թեև այսօր խաղաղ է, սակայն մասնագետի համար հստակ է, որ այդ խաղաղությունը մեկ-երկու տարի անց ավարտվելու է՝ այնտեղ ներդրում անելը ռիսկային է: Կան երկրներ, որոնք, հակառակ այսօր այնտեղ ընթացող պատերազմի կամ քաղաքական այլևայլ վայրիվերումների, շատ չանցած կարող են շատ հրապուրիչ դառնալ: Հայկական բիզնեսի արտաքին քաղաքական խորհրդատվական-վերլուծական աջակցությունը պետք է ռազմավարական նշանակություն ունեցող պետական խնդիր լինի: Բայց, կարծես, այդպիսի հարց չի էլ քննարկվում՝ ֆինանսական կորուստները որպես բիզնեսմենի անձնական խնդիր են դիտարկվում: Չեմ ուզում սոսկ տագնապ կամ մեղադրանքներ հնչեցնել: Չգիտեմ նաև, թե որքանով է մեր գործարարների կողմից այս աջակցությունը պահանջված, բայց որպեսզի գոնե իմ կողմից օգնության ձեռք մեկնած լինեմ դրա կարիքն ունեցող գործարարներին, կարող եմ համապատասխան խորհրդատվությունը տրամադրել Ուկրաինայում, Ռուսաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի հետխորհրդային այլ պետություններում առաջիկա երկու-երեք տարիներին սպասվող ռիսկերի վերաբերյալ: Նույնը կարելի է անել նաև ցանկացած այլ առանձին երկրի կամ տարածաշրջանի մասով: Սա քոնսալթինգի հատուկ մի տեսակ է, որը կտրամադրվի ԱՆՎՃԱՐ:

 

 

Արման Մելիքյան