Ազգային ժողովի հանձնաժողովներում մեկնարկեցին 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Չնայած նրան, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ձեւավորվում է ոչ այնքան բարենպաստ տնտեսական պայմաններում, այնուհանդերձ բյուջեի ակնկալիքներն այս տարվա սպասումների համեմատ բավական լավատեսական են։
Կառավարությունն իրատեսական է համարում 4,1 տոկոս տնտեսական աճի ապահովումը։ Դրա հասնելու համար հիմնական շեշտադրումները երկու խումբ առանցքային ուղղություններով են, որոնց վրա գործադիրը մտադիր է կառուցել տնտեսական քաղաքականությունը։ Անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, վարչապետը առանձնացրեց գործարար միջավայրի բարելավումը, արտահանման խթանումը եւ տնտեսության հենքային ոլորտների զարգացումը' Ազգային ժողովի հանձնաժողովներում սպասվող քննարկումներից առաջ։


Տնտեսական գործընթացները երկրում աշխուժացնելու եւ ներդրումներ ներգրավելու գլխավոր նախապայմանը կառավարությունը համարում է գործարար վստահության ձեւավորումը։ Մի բան, ինչին ակնկալում է հասնել տնտեսավարողների համար գործունեության հավասար պայմանների ապահովման եւ երաշխավորման միջոցով։ Այս խնդրին տնտեսավարողները մշտապես բախվում են։

 

 


Խաչատրյան Ժոռա