Հաջորդ հանրահավաքի նախապատրաստական փուլում ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ իրենց ելույթների շուրջ: Մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի սպասվելիք ելույթը հաջորդ հանրահավաքին մտահոգություն է ստեղծում եռյակի մյուս առաջնորդների մոտ:


Հոկտեմբորի 10-ի հանրահավաքի հիմնական խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանինն էր, հաջորդ' Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հիմնական ելույթը Գագիկ Ծառուկյանին էր վստահված, հետևաբար, ելնելով եռյակի միասնականության սկզբունքից' մյուս հանրահավաքի բուն խոսքը պետք է, որ ներկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը:


Սակայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն: Հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի անկանխատեսելի վարքագիծը հարթակում, քանի որ նա առանց նախապես պատրաստված ելույթի հանդես եկավ ու նախապես ելույթի սցենարը պատռելով հանրության առաջ անկեղծացավ, եռյակի մյուս ուժերի առաջնորդները ցանկանում են, որ նրա ելույթը նախապես համաձայնեցվի իրենց հետ: Իսկ այս գաղափարը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ, որի հետևանքով կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ:


Եռյակում այս խնդրի շուրջ առաջացած անհամաձայնությունը խոչնդոտում է նրանց հետագա քայլերին: Իմ կարծիքով, հենց դա է պատճառը, որ եռյակի համատեղ նիստը ձգձգվում է, իսկ հանրահավաքի անցկացման օրն էլ մնում չհստակեցված:

 

 

Դավիթ Ալավերդյան