1924 թ. Երեւանի մեջ հրատարակված «Տնտեսական լրաբեր» ռուսալեզու թերթում լույս է տեսել Խորհրդային Հայաստանի հայտնի պետական դեմքերից մեկի' Արտաշես Կարինյանի «Պետք է վերջ տալ հայության հավաքմանը Հայաստանում եւ 300.000 արեւմտահայ գաղթականությանը ցրել Ռուսաստանում» հոդվածը, ուր հեղինակը գրում է. «Հայաստանը հողային ֆոնդ չունի: Ռոմանտիկների հյուսած բոլոր հաշիվները Տաճկահայաստանի հողերի մասին' բոլորովին անհիմն են: Այս կացության մեջ կարող է լինել միայն մի ելք եւ մի ուղի, այն է հողային կնճռի լուծումը Հայաստանից դուրս եւ Խորհրդային Միության սահմաններում: Այդպիսի հողեր քիչ չեն Հյուսիսային Կովկասում, Դոնի շրջանում եւ Կուբանում:
Այդ ձեւով իր հիմքի մեջ կխեղդվի ամեն մի ազգայնական փորձ եւ կստեղծվի ամուր պատվանդան Մերձավոր Արեւելքի ժողովուրդների միության համար... Պետք է վե'րջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար, որ մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ»: Կարինյանն այսպես է եզրափակում իր ընդարձակ հոդվածը. «Հողային ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին», ինչպես նաեւ վառ ու կենդանի պահի «միացյալ եւ անկախ Հայաստանի գաղափարը» ժողովրդական զանգվածների մեջ: Ուստի, միանգամ ընդմիշտ այս բոլոր կնճիռները լուծելու համար անհրաժեշտ է նախ'
ա) վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ եւ ապա'
բ) երկրի մեջ եղած 300.000 արեւմտահայ գաղթականությանը ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ»: