Հովիկ Աբրահամյան. «բոլորին լսելու» իմիջային կերպարը կերտվեց նրա վարչապետ նշանակվելու օրվանից: Սա քաղաքական իմիջի մեջ համարվում է «բոլորի համար առավել գնահատելի իդեալական որակների» տեսակներից մեկը: «Բոլորին լսելու» հատկանիշը ստեղծում է հոգատարության էֆեկտ, որը նույնպես կարևոր է քաղաքական դրական իմիջի տեսանկյունից, սակայն այս գործիչը, միևնույն ժամանակ, առանձնանում է շտապողականությամբ, որը հակադրվում է «բոլորին լսելու» հատկանիշի հետ, քանի որ «բոլորին լսելիս» չպետք է շտապել: Այսպես, նա ոչ թե մենեջեր է, այլ՝ կառավարիչ:


Կապի նախարար լինելը ենթադրում է «էֆեկտիվ կոմունիկացիայի» իմիջի համար պարտադիր կանոնի կիրառում, սակայն Գագիկ Բեգլարյանը, որպես կանոն, առավել քիչ «կոմունիկացվող» նախարարներից է: Ավելի շատ դիրքավորվել է «հարցեր լուծողի» կերպարով, որը, սակայն, ավելի քիչ ոլորտային է, ավելի շատ՝ միջանձնային:


Նա կառավարության նիստերին մասնակցում է փոխնախարարի միջոցով, երբեմն-երբեմն, դրության տիրոջ կարգավիճակով, հանդես գալով հայտարարություններով: Նա սուպերնախարարի կարգավիճակը հաստատում է «ամեն տեղ չլինելու» գործելաոճով: Այո, խոսքը Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասին է: Կերպարը «հզորության» միաձույլ է, և դա արվում է անթաքույց:


Սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը թունդ կին է, վճռական, ինքնավստահ, նրա թիմը նրան ներկայացնում է «կոմպետենտի» իմիջով, որը «իդեալական հատկանիշներից» մեկն է: Նրա խոսքը հայրենասիրության կոչ է, որը սփյուռքի համախմբման կարևոր հատկանիշներից է: Տիկնոջ ինքնավստահությունը հաճախ խանգարում է՝ ստեղծելով ոչ լիբերալի կերպար: Ըստ էության ոլորտի «սակավությունը», նա փորձում է լրացնել անձնային հատկանիշներով ու կարևորությամբ:


Արտգործնախարարը սառն է, քչախոս, փորձում է ներկայանալ գործի գիտակի կերպարով, նրա խոսքը հռետորական երանգ ունի, որի նպատակը համոզիչ երևալն է: Նա խոսում է զգաստ, առանց միմիկաների և էմոցիոնալ շարժումների՝ ստեղծելով ոչ հուզականի իմիջ, որպես իսկական դիվանագետ: Սակայն դիվանագետի կարևորագույն հատկանիշներից է նաև ոճային իմիջը, որի առանցքային բաղադրիչներից է խոսքը՝ համեմված որոշակի ժեստերով և միմիկաներով:


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայանում է «սովորական» մարդու կերպարով, նա բաց է և հաշվետվողական, կիրառում է էֆեկտիվ կոմունիկացիայի «քաղաքական իմիջի կարևորագույն կանոնը»՝ ինտելեկտուալի «իդեալական հատկանիշով»: Նա երբեմն կիրառում է նաև «շրջապատի» կանոնը՝ ներկայանալով թիմով: Հաճախ կարելի է ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ տեսնել ազատ ոճի հագուստով: Նախկին դիվանագետը սիրում է ներկայանալ «բազմավեկտոր իմիջի կանոնով»՝ ոճային բազմազանությամբ, որը «բոլորից մեկը լինելու» էություն է: Արդարադատության բարդ ու փակ համակարգը նա փորձում է «բացել» վարքաբանական ժեստերով:


Ճկուն, ինտելեկտուալ, կոմպետենտ, այժմ նաև՝ ուժեղ. սա է Դավիթ Հարությունյանի իմիջը: Ըստ երևույթին նրա ինտելեկտի «ավելցուկը» ստիպեց իր անձը դիրքավորել ուժեղի հատկանիշներով: Նրա վարժ խոսքը, ինքնավստահության և գործի գիտակի իմիջն է: Խոսքի ընթացքում երբեմն արտահայտվող ժպիտը նրա զենքն է, որով ստեղծում է լսելուն պատրաստ գործչի կերպար:


Հանգիստ, վստահ, բարի. Սա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է: Այս կառույցը հետխորհրդային երկրներում առանձնանում է իր փակությամբ և «դիփ սթեյթի» (խորքային պետության) կարգավիճակով և սև գեներալներով: Սեյրան Օհանյանին հաջողվել է կիրառել «թափանցիկության» էֆեկտը, ինչը նրան առանձնացնում է բանակի վերնախավի սևությունից՝ դիրքավորելով լիբերալիզմի դաշտում: Լիբերալի կերպարը հետխորհրդային ու պատերազմ տեսած բանակում ուժեղ անձի հատկանիշ չի ընկալվում, սակայն դա կարող է լինել խաբուսիկ:

 

 

Տիգրան Արտաշեսյան