«Ի դժբախտություն նրանց, ովքեր չեն կռվել ու մեդալներ ունեն, մենք դեռ ապրում ենք: Այս ժամանակվա մեդալներն էլ կհստակեցվեն, ամեն ինչ կընկնի իր տեղը: Պատմությունը պետք է ուղղի: Պատմության մեջքն իրավունք չունենք կոտրելու, մեկ է: Ովքեր կմնան այդ պատմության փլատակների տակ, դրա համար ասում եմ՝ թող չփորձեն խեղել պատմությունը: Այսօր արհեստական այնքա՜ն հերոսներ ունենք: Այսօր շարմազանովներն ու չգիտեմ ինչերը մեդալ են ստանում: Դրանք ի՞նչ կապ ունեն: Այսօր էլ գալիս են, գլուխ են խոնարհում Սպարապետի առաջ: Դրանք այնքան արխային են, որ գլուխը չի բռնի Սպարապետը, հակառակ դեպքում այստեղ չէին մտնի երբեք: Մենք կուղղենք այս ամեն ինչը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Եռաբլուր այցելած պայմանագրային գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

 

Առավոտ-ի հարցին՝ կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանին տեսե՞լ եք, ինչպե՞ս է իրեն դրսեւորել՝ նա պատասխանեց. «Լիսկայի՞ն, իհարկե, մեր ընկերն է, իմ կողքին է եղել, իմ ընկերն է: Կարող է մարդ է եղել, որ իրեն չի հանդիպել: Անձամբ իրար հանդիպել ենք, իմ լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից»:

 

Սա ասում է մարդ, որի զինակիցները ամբիոններից գոչում են իբր Լիսկայի կռված չլինելու մասին: Պետք է ուղղակի շնորհակալ լինել այս մարդուն, ով անկախ նրանից, թե ինչպիսի արարքներ են վերագրվում Սուրեն Խաչատրյանին' բարձրաձայնում է ճշմարտությունը, լավ իմանալով, որ պատվերով աղաղակողները թափվելու են իր գլխին:

 

Սուրիկ Խաչատրյանին ինքս մշտապես քննադատել եմ տարբեր հարցերում, սակայն անկախ ամեն ինչից ուրանալ նրա վաստակը Արցախյան գոյամարտում' անթույլատրելի է:

 

 

Արամ Հակոբյան