Ազգային ժողովը ոչ միայն կարծիքների, տեսակետների, քաղաքական բանավեճի հարթակ է, այլև հաշվետվողականության ինստիտուտ: Այդ հաշվետվողականությունն էլ, իր հերթին, նպաստում է ոչ միայն բանավիճային կուլտուրայի ձևավորմանը, այլև պետական մարմինների կողմից ընդունվող որոշումները դարձնում էֆեկտիվ, որակյալ, իսկ գործընթացը՝ հանրային սեփականություն: Այսպես է կայանում պառլամենտարիզմը՝ ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկը: Ընդ որում՝ հաշվետու լինելը միայն սահմանադրական նորմ չէ, ի վերջո, ամեն ինչ չէ, որ սահմանվում է օրենսդրությամբ. գոյություն ունեն այլ երևույթներ ևս: Կարևոր է կառավարության ներկայացուցիչների մտածողությունը, պատրաստակամությունը, վարքը:
Որքան էլ հանրության մոտ առկա լինեն հիասթափության սեգմենտներ, որքան էլ կառավարությունը կայացնի հանրությունից կտրված որոշումներ, այնուամենայնիվ, այդ նույն կառավարության բնականոն աշխատանքը ձախողման է դատապարտվում, եթե իր ընդունած որոշման հիմքում չի ներառում պառլամենտի կարծիքը, ժողովրդի ցանկությունը, քանի որ ցանկացած որոշում դրսևորվում է որոշակի ժամանակահատվածում կոնկրետ սոցիումի մեջ: Եվ այստեղ մեծ է նաև կառավարության անդամների դերը, ովքեր սեփական վարքով կարող են այդ գործընթացը տեղափոխել հաշվետվողականության դաշտ:
Դիցուք, արդարադատության նախարարը Ազգային ժողովում ցուցաբերեց բավական մեծ պատրաստակամություն այդ հարցում՝ Արծվիկ Մինասյանին առաջարկելով շարունակել առկա համագործակցությունը խնդիրներն ավելի տեսանելի դարձնելու համար: Պատգամավոր-նախարար համագործակցությունը հասարակության շահերի սպասարկման ամենալավ օղակներից է, որը թույլ է տալիս նաև հասարակությանն ավելի առարկայական ներգրավում ունենալ իր շահերի ձևակերպման ու իրացման գործընթացում: Հայտնի բրիտանական ճշմարտություն է, որ մարդիկ ավելի շատ ցանկանում են, որ իրենց լսեն, և ուզում են, որ պետություն և հասարակություն կապը հիմնվի արդարության վրա, իսկ այստեղ շատ բան կախված է արդարադատության նախարարությունից և անձամբ նախարարից:
Արդարադատության նախարարը պատրաստակամություն հայտնել է գործել լիբերալիզմի դաշտում, լինել համագործակցային, որին պետք է հաջորդի արդարադատության համակարգի կայացման քայլերը, և որտեղ մեծապես անհրաժեշտ կլինի հասարակության աջակցությունը՝ թեկուզ դիտողությունների կամ դրականին միտված քննադատությունների տեսքով:
Տիգրան Արտաշեսյան