Գարնանը և ամռանը Հայաստանի տափաստաններում, մարգագետիններում, անտառներում և այլուր ծաղկից ծաղիկ են թռչում գույնզգույն ու խայտաբղետ թիթեռներ, որոնցից է մրգահավաթիթեռը կամ տանձենու սատուրնիան:
Դա արտակարգ խոշոր ու չափազանց գեղեցիկ թիթեռ է, իր չափերով ամենամեծն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Եվրոպայում: Նրա թևերի բացվածքը հասնում է 14-16 սմ-ի: Մրգահավաթիթեռ է անվանվում, քանի որ թևերի վերին անկյունում կրում է մինչև 1,5 սմ տրամագծով բազմերանք խալեր' «աչքեր», որոնք նման են մրգահավի պոչի փետուրների վրայի «աչքերին»:
Մրգահավաթիթեռի «աչքերը» արտաքինից շրջապատված են սև օղակով, որի ներսում գտնվում է լուսնաձև մի նկար' ծածկված արծաթագույն թեփուկներով:
«Լուսնյակը» իր հերթին շրջափակված է նախ' բաց շականակագույն. ապա' կարմրագորշավուն օղակներով: Առաջին զույգ թևերը շականակագույն են' երիզված բաց գույնի գեղեցիկ շերտերով: Առաջնակուրծքը պատված է սպիտակավուն, ապա' մուգ գորշավուն մազմզուկներով: Բեղիկները դեղնավուն են: Այս թիթեռի թռիչքը դիտվում է մայիս-հունիս ամիսներին: