Հոկտեմբերի 25-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության եւ Հադրութի շրջվարչակազմի նախաձեռնությամբ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կազմակերպվեց Արցախյան թթվի փառատոն:
Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի ներկայացվեցին Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:
Փառատոնին ներկայացվեցին նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու նվագով հանդես եկան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:
Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն էր, ինչպես նաև բնության բարիքներից օգտվելու՝ հադրութցու բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և ենթաբարբառների պահպանման և հանրահռչակման նպատակ ուներ:
Վրեժ Հովսեփյան