Ի՞նչ ներդրում, ի՞նչ բան...
ՙՙՀայկական ժամանակ՚՚ թերթը գրում է. ՙՙԼավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ռուսական ՙՙՌոսնեֆտ՚՚ ընկերությունը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ որեւէ ներդրումային ծրագիր իրականացնել ՙՙՆաիրիտ՚՚ գործարանում՚՚:
Խորապես համոզված եմ, որ թերթի տեղեկությունը միանգամայն հավաստի է:
Միջազգային տնտեսական պատժամիջոցներն ու նավթի համաշխարհային գների անկումն էապես հարվածել են ռուսական տնտեսությանը, հատկապես՝ ՙՙՌոսնեֆտին՚՚: Այս ընկերությունն ինքը հիմա կարիք ունի պետական աջակցության, էլ ուր մնաց ներդրումներ անի Հայաստանի տնտեսության մեջ:
Բացի այդ, ռուսական պաշտոնական ու փորձագիտական շրջանակները վերջին շրջանում հաճախ են խոսում այն մասին, որ Կրեմլն աստիճանաբար հրաժարվում է տնտեսության հաշվին քաղաքական խնդիրներ լուծելու քաղաքականությունից:
Հայաստանի պարագայում՝ առավել ևս: Առանց գումար տալու էլ՝ Մոսկվան մեր իշխանություններից ստանում է այն, ինչ ուզում է: Նույնիսկ ռուսական ռազմաբազայի ամբողջ ծախսերն ենք մենք հոգում: Էլ չեմ ասում այն մասին, որ մեր էներգետիկ համակարգը մենաշնորհած ռուսական ընկերությունները պարզապես ՙՙկլպում՚՚ են Հայաստանի ժողովրդին:
Սուրեն Սուրենյանց