Իրականում Հայաստանը, անկախ այն բանից, որ կառավարվում է ապաշնորհ, ագահ եւ կոռումպացված ղեկավարների կողմից, շատ ավելի ուժեղ պետություն է, քանի որ ունի շատ ավելի ուժեղ ժողովուրդ, ու այդ պատճառով էլ' շատ ավելի ուժեղ բանակ, որի կայացման գործում իրենց լուման ունեցել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր 3 միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրը, այդ թվում անուրանալի դեր են ունեցել, իհարկե նաեւ ՀՀ երեք իրական թե դե-ֆակտո նախագահները (իրենց բոլոր սխալներով ու մեղքերով հանդերձ):

 

 

 

Ընդամենը մի քանի օրինակ եմ ուզում բերել:
Ռուս-ուկրաինական պատերազմում 45 միլիոնանոց Ուկրաինան որքան գիտեմ կարողացել է մոբիլիզացնել շատ թե քիչ մարտունակ ընդամենը 2 անգամ ավելի զինվորների, որքան հայ զինվորներ էին կռվում Արցախը պաշտպանելիս 1993թ.-ին: Իսկ այդ զինվորների մարտական որակի մասին էլ չեմ ասում. նրանք փոփոխական հաջողությամբ կռվում են թեեւ լավ զինված, սակայն թվով կրկնակի պակաս (շուրջ ) ռուս գրոհայինների հետ: Ի դեպ, նույնը վերաբերում է Ռուսաստանին. այդքան շովինիստական հիստերիայի ֆոնին, որը ծավալվել է կիսելյովյան քարոզչության կողմից Ռուսաստնում' 150 միլիոնանոց այդ երկրից որպես կամավոր Դոնբաս էին մեկնել ընդամենը շուրջ 10-12 հազար մարդ (եւս 7-8 հազարի կարգի մարդ էր հավաքվել 3 միլիոնանոց Դոնեցկ-Լուգանսկից) եւ Կրեմլը ի վերջո ստիպված մեղավ Արեւելյան Ուկրաինա մտցնել կանոնավոր բանակը:

 

 


Ի դեպ, թե որքան «հզոր» է Ռուսաստանը ժամանակին ցույց տվեց նաեւ անկախ պետականությանը բնորոշ անգամ որեւ ինստիտուտ չունեցող փոքրիկ միլիոնանոց Չեչնյան, որը հաղթեց ռուսներին 1-ին չեչենական պատերազմում, եւ Պուտինը մեծ դժվարությամբ ռեւանշի հասավ երկրորդ չեչենականում:
Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են ինչ որ “կանաչ մարդուկներ” կարողանում Հայաստան-Արցախի որեւէ հատվածին տիրանալ, այն էլ ներսից, այն էլ առանց որեւէ կրակոցի եւ դիմադրության, ոնց որ դա եղավ Ղրիմի հետ' ուզում է ռուս լինեն, ուզում է հայ կազակ, ուզում է թուրք: Հայերը Հայաստանում տենց մարդուկներ որ բռնեցին գիտեք, թե ինչ կանեն, չմանրամասնեմ…
Այո, 1993-ին Հայաստանում էլ կային դասալքության դեպքեր համընդհանուր զորահավաքի ընթացքում: Բայց ես չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը միտինգ հաներ, թե թարգեք էտ պատերազմը, մեր երեխեքին պատերազմ մի տարեք: Զգում եք տարբերությունը?

 

 


Տեսնենք թե Ուկրաինան ինչ կլիներ, եթե նրան հասնեին այն արհավիրքների 10 տոկոսը, որոնք հասան Հայաստանին 1988-1994 թվերին: Եւ ես զարմանում եմ, որ հակառակ համեմատությունն է անում ՀՀ առաջին նախագահը, ով եղել է այդ արհավիրքներին դիմակայելու գործը ղեկավարողներից մեկը: Եթե Ուկրաինայի 1/3-ը քանդվեր ոնց որ Հայաստանում եղավ երկրաշարժեց, Ուկրաինան այդպիսի շրջափակում տաներ, ոնց որ մենք, ԽՍՀՄ փլուզման արդյունքում տնտեսական կապերի կատարյալ խզում ունենար, տնտեսության, հատկապես' արդյունաբերության կաթվածահար վիճակ ինչպես Հայաստանում, ու դրան էլ զուգահեռ' այդպիսի պատերազմ մղեր իրենից բազմաքանակ ու ավելի լավ զինված, հազարավոր մոջահեդ եւ չեչեն վարձկաններ բերած թշնամու հետ' ա'յ այդ ժամանակ կտեսնեինք թե ինչ կլիներ այդ երկրի հետ' անկախ իր ունեցած անծայրածիր դաշտերից:

 

 

 

Ինձ սխալ չհասկանաք. ռուս-ուկրաինական պատերազմում ես իր անկախության եւ ինքնիշխանության համար պայքարող Ուկրաինայի կողմն եմ: Սակայն համամիտ չեմ, որ որպես պետություն Ուկրաինան Հայաստանից, իսկ որպես ժողովուրդ' ուկրաինացիները հայաստանցիներից ուժեղ են: Միայն մեկ բանում ուկրաինացիները մեզանից ուժեղ դուրս եկան, չեմ կարող չգնահատել' նրանում, որ իրենք իրենց կեղեքիչներից կարողացան ազատվել, իսկ մենք մեր կեղեքիչներից' ոչ...

 

 

 

Hovsep Khurshudyan