Աշխարհում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությամբ համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված ԼՂ Հանրապետություն հիվանդության ներթափանցումը և ազգաբնակչության շրջանում տարածումը կանխելու նպատակով՝ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից ստորագրվել է հրաման:
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամ՝ հրամանի համաձայն՝ տրվել են համապատասխան հանձնարարականներ նախարարության և համակարգի, մասնավորապես շտապ բժշակական օգնության, ինֆեկցիոն, համաճարակաբանության և հիգիենայի ծառայությունների պատասխանատու անձանց' անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:
ԼՂՀ բնակչության, ինչպես նաև Արցախ ժամանողների և մեկնողների շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և իրազեկելու նպատակով արդեն պատրաստ են «Էբոլա վարակի վերաբերյալ» և «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերնագրված հուշաթերթերի նմուշները և «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ուղեցույցը:
Նախատեսվում են նաև սեմինար դասընթացներ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար: Առողջապահության նախարարությունը ավելի սերտ կհամագործակցի գյուղատնտեսության նախարարության հետ՝ վայրի կենդանիներ հանրապետություն ներկրման սահմանափակումների առնչությամբ:
Ստեփանակերտում և շրջաններում կիրականացվեն արագ արձագանքման թիմերի ուսուցողական դասընթացներ: Թիմերը կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով:
Հանրապետության բժշկական կազմակերպություններում առկա են արհեստական շնչառական ապարատների, դեղորայքային (ջերմիջեցնողներ, արյունահոսությունը կանխող պատրաստուկներ), անհատական պաշտպանիչ արտահագուստի պահուստային պաշարներ:
Վրեժ Հովսեփյան