Այսօր ՈՒԵՖԱ-ն բավականին խիստ, բայց արդարացի պատիժներ սահմանեց Սերբիայի և Ալբանիայի հավաքականների համար' առաջինից հանելով երեք միավոր, իսկ երկրորդին գրանցելով տեխնիկական պարտություն: Սա նշանակում է, որ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը բացառիկ հնարավորություն է ստանում խմբում գրավելու ոչ միայն երրորդ տեղը, որը հնարավորություն է տալիս անցումային խաղերով ձեռքբերել Ֆրասիայում կայանալիք ԵՎՐՈ-2016 եզրափակիչ փուլի ուղեգիր, այլ նաև գրավել ավելի բարձր տեղեր' այսպիսով միանգամից հայտնվել տվյալ խոշոր ստուգատեսում: Ինչ խոսք, ցանկալի կլիներ, որ մենք "նվերներ" չստանայինք և ֆուտբոլային արևի տակ մեր տեղը վաստակեինք սեփական ջանքերով: Բայց ֆուտբոլում, ինչպես և կյանքում ճշմարտությունը վերջում միշտ հաղթում է: Ես նկատի ունեմ Իռլանդիա-Հայաստան խաղը, որում գլխավոր մրցավարի ֆուտբոլային ակնհայտ մեքենայությունների արդյունքում մեր թիմը, ըստ էության զրկվեց, ԵՎՐՈ-2012-ին մասնակցելու հնարավորությունից: Հատկանշական է, որ դրանից առաջ էլ նույն պատճառով Իռլանդիայի հավաքականն էր "տանը մնացել":


Ինչևէ, սա փայլուն շանս է, բայց որից դեռ պետք է օգտվել: Իսկ դրա համար անհրաժեշտ է հավաքվել, և նախևառաջ չպարտվել առաջիկա արտագնա հանդիպումը Պորտուգալիայի հավաքականին:

 

 


Գերասիմ Բարսեղյան