Հոկտեմբերի 20-ին Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել էր Իրան: «Սաադաբադ» պալատում կայացել է Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին և դրանց հեռանկարներին: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական հարաբերությունների, ենթակառուցվածքների զարգացումը, էներգետիկայի ու հեռահաղորդակցության ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերը, ինչ մասին նշել են երկու կողմի ղեկավարկերը համատեղ տարածած հայտարարության մեջ:


Վարչապետը նախագահի նստավայրում հանդիպել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին: Այդ հանդիպման ժամանակ ևս քննարկվել են մի շարք երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր:Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի ԻԻՀ նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհին և նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները հոկտեմբերի 21-ին մասնակցել են Իրանի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը, որին ներկա էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:Վարչապետի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի համալիրում, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին, ապա եղել վանքի թանգարանում և գրառում կատարել հուշամատյանում:

 

 


Խաչատրյան Ժոռա