Հայե՛ր, գիտե՞ք, որ Հին Եգիպտոսի Ամասիս փարավոնն է (Ք.ա. 570-526) պատմության մեջ առաջին անգամ օրենք սահմանել' հաշվետվություն տալ եկամուտների եւ հարստության աղբյուրների մասին: Յուրաքանչյուր եգիպտացի պարտավոր էր ամեն տարի իր մարզի կառավարչին հայտնել, թե ինչ եկամուտ ունի: Նա, ով այդ մասին չհայտներ, կամ չկարողանար ցույց տալ, թե ապրում է ազնիվ կյանքով, ենթարկվում էր մահապատժի: Նույն օրենքն ու պատիժն էր սահմանված նաեւ պաշտոնյաների ու մեծահարուստների համար:
Աթենացի նշանավոր օրենսդիր Սոլոնն այդ օրենքը վերցնելով Եգիպտոսից' գործածության մեջ դրեց Աթենքում:
Ամասիսի օրոք երկիրը ծաղկում ու բարգավաճում էր: Հերոդոտը վկայում է, որ Եգիպտոսում այդ ժամանակ կար երկու բյուր քաղաք (հավանաբար ի նկատի ունի բոլոր բնակավայրերը): Հույն հեղինակը գրում է. «Նեղոսը երկրին էր բարիք պարգեւում, երկիրը' մարդկանց»: