Լուկաշենկոն արդեն բացահայտ խոսում է միասնական արժույթի անհրաժեշտության մասին, կարևորում ԵՏՄ անդամների՝ ստանձնած պարտավորությունների անշեղ կատարումը, իսկ Հայաստանում դիմություն, ընդդիմություն, արևմտամետ, ռուսամետ, արի, անարի, ազգայնական, իշխանական, անիշխանական, ուղտի ականջում դեռ քնած են: Զարմանում եմ, մի՞թե ինքնիշխանության պակաս կարևոր խորհրդանիշ է ազգային դրամը, չէ՞ որ եթե մենք մի քանի կայացած կառույց ունենք, անառարկելիորեն մեկը դրամն է՝ տնտեսության անկախության, կայունության գլխավոր ցուցիչը: Գուցե պատմության ընթացքում այնքան շատ ենք ազգային արժույթ, փող հատելու իրավունք ունեցել, որ լիացե՞լ ենք: Սոսկ հանրագիտարանը բացեք ու կիմանաք՝ ոչ Արշակունյաց, ոչ Բագրատունյաց գահակալներից դրամ չի պահպանվել: Ոչ թե անհրաժեշտությունը չեն զգացել, այլ ուղղակի այդչափ անկախ չեն եղել, ըստ այնմ՝ իրավունք ու կշիռ չեն ունեցել: Մոռացե՞լ եք, ազգարժույթի ներդրման սկզբնափուլում սովետասեր, ռուսախոս զանգվածն ի՜նչ դիմադրություն էր ցույց տալիս, դրամին քամահրանքով дрянь ասում... Փաստորեն այդ զանգվածն անմեռ է, շոշափուկները ժամանակին չկտրվեցին, և նա այսօր ռուսական ռուբլին օր առաջ վերստին գրպանում տեսնելու հնարավորությունից անասելի հաճույքով ճմլկոտում է, այլապես ինչո՞վ բացատրել լռությունը, կրքոտ բանավեճերում, հարցազրույցներում, մենախոսություններում սույն խնդիրը շրջանցելն ու չկարևորելը:


Գալիքից սոսկումս փարատելու համար օրինակ չբերեք Եվրոմիությունն ու եվրոն: Նրա ադամներն ռուսական ամենակուլ արջի երախում չեն և ապա՝ ինքնիշխան պետության իմ չափանիշն Անգլիան է, որն այդչափ հաստատուն հողի վրա կանգնած լինելու պարագայում իսկ գուրգուրում է իր ֆունտստեռլինգը...

 

 

Արամ Հովհաննիսյան