Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհուրդը, գնահատելով 2014թ. հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքը, հայտարարություն է տարածել: Հաշվի առնելով այն, որ այս միավորման մեջ է նաև Նիկոլ Փաշինյանը, կարելի է եզրակացնել, թե ինչ ծանրակշիռ ազդեցություն ունի վերջինիս կարծիքը այս հայտարարության վրա:
Մեջբերենք հատված հայտարարությունից.
«Գնահատելով 2014թ. հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքը, անհրաժեշտ ենք համարում արձանագրել.
Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած Քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր' նրան «զսպելով» քաղաքական պրոցեսների վրա իրական ազդեցություն ունենալուց:
Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության կիսման, բաժանման, փոխանցման շուրջ:
Նման մոտեցումը անընդունելի է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման համար: Մեր գնահատմամբ' հենց այդպիսի գործելակերպն է ընկած Հայաստանի երրորդ Հանրապետության ձախողումների հիմքում»:
Փաստորեն ոչիշխանական բևեռում կան ազդեցիկ ուժեր, որոնք ևս լուրջ չեն վերաբերվում Եռյակի հանրահավաքներին: Վերոգրյալ հայտարարությունից կարելի է կարծիք կազմել, որ առաջիկայում հնարավոր է բոլորովին այլ քաղաքական օրակարգ ունեցող ընդդիմություն հայտնվի:
Վաչագան Գևորգյան