«Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ լուրջ պայքար է ընթանում նաև վիրտուալ հարթությունում: Ինչպես արդեն նշվել է, «Թվիթեր» սոցիալական ցանցում պարբերաբար արգելափակվում են ԻՊ-ի քարոզչությունն իրականացնող օգտատերերի հաշիվները, ինչի հետևանքով կայքի ղեկավարությունը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներով հաղորդագրություններ էր ստացել իսլամականներից:


Իսկ ընդամենը մեկ օր առաջ ԻՊ-ը «Յու Թուբ» վիդեոնախագծային պորտալում ավելի քան 6 րոպե տևողությամբ նոր քարոզչական բնույթի տեսանյութ էր հրապարակել «Ջիհադի արյունը» խորագրով, որում ցուցադրվում էր Իրաքի Նինվեյ նահանգում տեղակայված կառույցի ռազմական ճամբարում նորաթուխ «ջիհադականների» մարզման գործընթացը, ինչը ներառում է արևելյան մարտարվեստի նորարարությունների, ինքնաձիգի հետ վարվելու կանոնների ուսուցումից, մինչև հոգևոր քարոզ՝«հանուն Աստծո» մեռնելու գաղափարի վերաբերյալ:


Մինչդեռ հոլովակը շատ արագ կերպով հեռացվել է «Յու Թուբից»՝ արդարացի մտավախությամբ, որ այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ և մեծ գայթակղություն առաջացնել ԻՊ-ի շարքերը համալրել ցանկացող մուսուլման երիտասարդների շրջանում:

 

 

Արմեն Պետրոսյան