ԵԱՏՄ-ին միանալու առումով կարելի է ասել, որ Հայաստանի իշխանություններն ու խորհրդարանում տեղեր ունեցող ոչ-իշխանական ուժերի հիմնական մասը կաշխատեն ամեն ինչ անել Ռուսաստանին չգրգռելու համար:Դա նշանակում է, որ Հայաստանի եվրասիական ընթացքը կարող է կասեցվել բացառապես արտաքին ազդակների գործողության արդյունքում: Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումն այս պահին հնարավոր չէ միանշանակ գնահատել, սակայն առավել հավանական է այն, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելով Արևմուտքը կգերադասի սիրաշահել ու քաջալերել նրա դաշնակիցներին՝ գուցե կոնկրետ Հայաստանի մասով հստակ տարբերակելով գործող իշխանությունների ու հասարակության հետ կառուցվելիք հարաբերությունների կերպը:
Հայաստանը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ու ռազմական գործոն է ու ԵԱՏՄ-ին նրա անդամագրվելու հետ կապված Ղազախստանի և Բելառուսի նախորդող քմահաճ պահվածքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արհեստական ու թվացյալ դժվարություններ ստեղծելով Հայաստանի համար այդ միության անդամ պետություններն ուզում էին սիրաշահել Ադրբեջանին՝ վերջինից ևս դրան անդամակցելու համաձայնություն ստանալու նպատակով:
Մեզ համար խնդիրները կապված կլինեն ոչ թե բուն ԵԱՏՄ անդամակցության, այլ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առկա քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վատթարացման միտումների և Հայաստանին հարող տարածաշրջաններում զինված հակամարտությունների առկայության հետ:
Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների որակն ու բովանդակությունն, անշուշտ, կարող են տարբեր գնահատականների արժանանալ, սակայն այդ երկրի հետ այլ որակի՝ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու համար նախ ինքներս պետք է որակապես փոխվենք:
Արման Մելիքյան