Երևան առաջին անգամ կարծես 88-ին եկա։ Առաջին բանը որ հիշում եմ այն էր, որ այստեղ բոլորը հայերեն էին խոսում։ Օտար հասարակության մեջ ապրած երեխա էի և այն, որ փողոցում ցանկացած մարդու հետ կարող էի խոսել հարազատ լեզվով, ինձ շատ մեծ հաճույք էր պատճառում։ Երկու-երեք օրվա ընթացքում երևի մի հազար մարդու բարևեցի (Րաֆֆիի ականջը կանչի), իսկ հետո, երբ վերադարձա Տաշքենդ, բոլորի մոտ հպարտանում էի, որ հայերի մայրաքաղաքն ամենալավն է, ամենասիրունն է, ամենամեծն է ու էլի տենց ամենա, ամենա, ամենան է։ Երևանը դարձել էր ինձ հպարտություն, ինքնավստահություն և հայրենասիրության ներշնչող առաջին աղբյուրներից մեկը։
Տարիների ընթացքում մանկությանս շատ իդեալներ են փոխվել։ Բայց վստահությունը, որ Երևանս ամենա, ամենա, ամենան է միայն ավելի է ամրապնդվել իմ գիտակցության մեջ։ Քաղաքը լուսավորել է մանկությունս, հիմա արդեն երջանկություն է նվիրում երեխաներիս։
Շնորհավոր 2796-ամյակդ, Երևա՛ն։ Քո փողոցներում մենք միշտ մանուկ ենք։ Քո սրճարաններում' երիտասարդ։ Քո բնակիչների հետ' երջանիկ։ Շնորհավո՛ր։
Հրանտ Մելիք-Շահնազարյան