Որքան մոտենում է ԵՏՄ-ի հիմնարկեքը, այնքան բարձր են հնչում Ռուսաստանի «հակաեվրոպականության» մասին թեզերը: Բայց ոնց նայում ես Ռուսաստանը չի կարող այդպիսին լինել:
Ինչո՞ւ: Շատ պարզ: Ռուսաստանն ամեն ինչ փոխառել է Եվրոպայից: Ռուսական գիրը հույներն են կազմել, ռուսական իշխանները Բյուզանդիայի արքայադստրերի հետ էին ինտիմ կապերի մեջ: Ռուսների կրոնը հունական հունական քրիստոնեական եկեղեցուց է սերել: Ռուսական պետության հիմնադիրները եվրոպացիներն են' սկսած սկանդինավներից, վերջացրած գերմանացիներով: Հիմնովին սուտ է թեզը, թե Պյոտրից սկսեց Ռուսաստանի եվրոպականացումը: Պյոտրի օրոք պարզապես այն հասավ իր գագաթնակետին:

 


Գաղափարախոսության առումով' թե ֆեոդալիզմը, թե դեսպոտիզմը, թե կոմունիզմը եվրոպական երևույթներ են եղել, եվրոպական արժեհամակարգեր: Այսօր էլ Ռուսաստանը փորձում է կրկնօրինակել եվրոպական ինտեգրացիոն փորձը: Որքանով է դա հաջող ստացվում, այլ հարց է, ժամանակը ցույց կտա:
Մինչ օրս հիմնականում անհաջող փորձեր են եղել: Սկզբում տապալվեց բուն եվրոպական գաղափարական ուղղություններից կոմունիստական փորձը, հետո Ելցինի օրոք լիբերաստների փորձը: Հիմա նոր փորձաշրջան է: Բայց փաստ է, որ Ռուսաստանը միշտ եղել է Եվրոպայում ու միշտ այս կամ այն եվրոպական տերության, ուժային կենտրոնի դաշնակիցը: Այսօր այնպես է ստացվել, որ Եվրոպայում միասնություն է, իրար դեմ չեն պայքարում, ինչպես ֆաշիստներն ու կոմունիստները, լիբերալներն ու սոցիալիստները:

 


Ռուսաստանը դուրս է մնացել հին խաղից' մնալով թիվ մեկ միայնակ եվրոպական տերությունը: Հատկապես իր այդ մասշտաբներով նա խնդիր ունի, որպես եվրոպական պետություն, դիրքավորվելու նոր իրավիճակում: Իր պայմաններով իրեն Եվրոպայում չեն ընդունում: Բայց նա պետք է վերադառնա Եվրոպա, քանի որ նա չի կարող չվերադառնալ:
Վերադառնում է' փորձելով կրկին դառնալ մի նոր բևեռ' կրկնօրինակելով եվրոպական մոդելները: Ռուսաստանը Եվրոպայի հետ քաղաքակրթական ոչ մի հակադրության մեջ չէ իրականում, դա կեղծ է, պարզապես նա միշտ մի քանի տասնամյակ հետ է մնացել Եվրոպայից, և որքան շարունակի հետ մնալ, այնքան վատ բոլորի համար: