ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի և Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանի ղեկավարությամբ «Հետ Ռիո+20» գործընթացի շրջանակներում Գորիսում կայացավ «Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետության զարգացում»ենթահանձնաժողովի արտագնա նիստը: Նիստին մասնակցում էին ենթահանձնաժողովի անդամները, «Հանուն կայուն մարդկային զարգացման»/UNEPCom հասարակական կազմակերպության, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Գորիսի քաղաքապետարանի, հասարակական, գիտական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 


Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը նիստի մասնակիցներին ներկայացրեց Գորիս քաղաքի ընդհանուր նկարագիրը և մարտահրավերները, իսկ <<Հանուն կայուն մարդկային զարգացման>/UNEPCom ՀԿ փորձագետ Մարգարիտա Կորխմազյանը տեղեկացրեց ՀՀ-ում <<Ռիո+20>> գործընթացի իրականացման շրջանակներում կատարվող աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը ներկայացնելով «Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետություն» բաղադրիչի հայեցակարգային հիմնադրույթները, նշեց, որ կայուն քաղաքների գաղափարախոսության և «կանաչ ճարտարապետության» հիմնական սկզբունքների կիրառմամբ նախատեսվում է մշակել Գորիսի համար <<Կայուն կամ <<խելացի>> քաղաք>> պիլոտային նախագծի հայեցակարգը:

 


Նիստի մասնակիցները նշելով քաղաքների կայուն զարգացման առկա մարտահրավերները, կատարեցին դրանց հաղթահարմանն ուղղված որոշակի դիտարկումներ: Քննարկելով <<Կայուն կամ <<խելացի>> քաղաքների>> զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները, քաղաքաշինական խնդիրների լուծման առաջարկները, ինչպես նաև' Գորիսի բնակիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայացրած առաջարկություններն ու բարձրացրած խնդիրները, մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցել <<Կայուն կամ <<խելացի>> քաղաք>> պիլոտային ծրագրի մշակմանը և նախատեսված միջոցառումների իրականացմանը:

 

 

Հասմիկ Պետրոսյան