Քրդաբնակ Քոբանիի անկումը կնշանակի՞ արդյոք Թուրքիայում քրդերի կողմից զինադադարի չեղյալ համարում: Վերջին զարգացումները հուշում են Թուրքիայում քրդական հիմնախնդրի կարգավորման տապալման ու կասեցման մասին: Նախ, երկար ժամանակ է, ինչ «Քրդստանի բանվորական կուսակցությունը» վերջնագրերով է խոսում պաշտոնական Անկարայի հետ, իսկ Անկարան էլ հակված էր ժամանակ շահելուն: Այսինքն' քրդական հիմնախնդրի կարգավորման գործընթացը հաստատված զինադադարից այն կողմ չի անցել, չնայած արդեն վերջին ժամանակներում նկատվում էին նաև զինադադարի պայմանների խախտման դեպքեր ՔԲԿ-ի կողմից: Հիմա էականորեն իրավիճակը փոխվում է, որի առաջնային գործոնը քրդաբնակ Քոբանին է, որի անկումը և դրանում Թուրքիայի մեղսակցությունը կարող է հանգեցնել գործընթացի վերջնական տապալմանը: Թուրքիայի գրեթե ողջ տարածքում նախօրեին սկիզբ առած քրդական հուզումները, արդեն իսկ գրանցված զոհերը նախանշում են ՔԲԿ-ի կողմից զինադադարի չեղյալ համարման մասին, ինչի հետ կապված Անկարային զգուշացվել էր:

 

 

Լևոն Հովսեփյան