Չնայած ընթացիկ տարվա Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կանխատեսումները գոնե այս փուլում այնքան էլ լավ բան չեն խոստանում' Կենտրոնական բանկը շարունակում է հավատալ, որ տնտեսական աճը անհամեմատ ավելի բարձր կլինի, քան կարծում են միջազգային փորձագտները։ Նրանց կանխատեսումներով, այն Հայաստանում կգտնվի 2-2,5 տոկոսի սահմաններում։
ԿԲ-ի լավատեսական սպասումների համար հիմք է տվել երրորդ եռամսյակում տնտեսության մեջ նկատված աշխուժությունը, որը պայմանավորվել է հատկապես մի շարք ոլորտներում սպասվածից ավելի բարձր ակտիվությամբ.
«2014թ. երրորդ եռամսյակում նկատված տնտեսական որոշակի աշխուժության արդյունքում տնտեսական աճի ցուցանիշը սեպտեմբերի վերջին գնահատվում է 3,8 տոկոս՝ հունիսի վերջին արձանագրված 2,6 տոկոսի դիմաց»,- ասվում է Կենտրոնական դրամատան սեպտեմբերի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության վերաբերյալ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում կազմել 3,1, իսկ երկրորդում՝ 2,3 տոկոս։
Երրորդ եռամսյակում տնտեսական աճի արագացմանը, Կենտրոնական բանկի գնահատումներով, հիմնականում նպաստել է գյուղատնտեսության ճյուղի սպասվածից ավելի բարձր աճը։ Ակնկալիքները գերազանցել են նաև մասնավոր սպառման տեմպերը։
Վաչագան Գևորգյան