Քաղաքական ուժերի ընդդիմադիր քառյակը, ներառյալ քաղաքական դաշտում մինչ այժմ անհայտ հիբրիդ «այլընտրանքը», այս առթիվ հրապարակեցին իրենց փոփոխությունները'


1. տոնավաճառների առեւտրականները կամավորության սկզբունքով կարող են անցնել 1 տոկոս հարկման դաշտ, իսկ չցանկացողները մնան 3,5 տոկոս հարկման դաշտում,


2. շրջանառության հարկի շեմը ներկայիս տարեկան 58 մլն դրամից բարձրացնել 120 մլն դրամի:


Հատ առ հատ անցնենք կետերով.


1. Նախ' առաջարկելով պահպանել 3,5 տոկոսը, ընդդիմադիր կուսակցությունները, փաստորեն առաջարկում են պահպանել ստվերային ահռելի շրջանառությունը տոնավաճառներում, մաքսանենգ, կեղծված, ժամկետանց, առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման հնարավորությունը, անհավասար մրցակցությունը մյուս տնտեսվարողների հետ: Սրանով միաժամանակ պահպանվում են այս երեւույթների դեմ խոսելու եւ կառավարությանը «ստվերի» եւ «օլիգարխների» դեմ պայքարել «չցանկանալու» համար մշտական քննադատությամբ հանդես գալու հնարավորությունները:
Ավելացնեմ առեւտրի ոլորտում երկու տոկոսադրույք պահելը' 3,5 տոկոս եւ 1 տոկոս ոչ այլ ինչ է, քան անհավասար հարկային եւ մրցակցային դաշտի ստեղծում, դրանից բխող բացասական հետեւանքներով: Տոնավաճառները, ի տարբերություն մյուս առեւտրային օբյեկտների, կհայտնվեն ավելի մեծ ստվերում:


2. Շրջանառության շեմը 58 մլն դրամից 120 մլն դրամ դարձնելու վերաբերյալ: Սա հրաշալի հնարավորություն է ստեղծում խոշոր տնտեսվարողների համար ավելացված արժեքի հարկից ավելի թեթեւ' շրջանառության հարկի դաշտ անցնելու համար: Այսինքն, սա քայլ է խոշոր բիզնեսի ստվերը խորացնելու եւ ավելացնելու ուղղությամբ: Չարժե մեկ անգամ եւս նշել այն օլիգարխի անունը, որ ունի ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերություններ եւ այս փոփոխության դեպքում, դրանք հարկման ավելի թեթեւ դաշտ տեղափոխելու հնարավորություն է ստանում: Այլապես անհասկանալի է, թե տարեկան մինչեւ 5 մլն դրամ շրջանառություն ցույց տվող մոտ 40 հազար տնտեսվարողներից քանիսի շրջանառությունը փաստաթղթերով աշխատելու դեպքում կարող է գերազանցել 120 մլն դրամը:

 

 

Խաչատրյան Ժոռա