Թուրքական և արաբական լրատվամիջոցները հեղեղված են Սիրիայում գտնվող թուրքական տարածք հանդիսացող Սուլեյման Շահի դամբարանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության՝ շուրջ 1000 զինյալների կողմից գրավման և շինության հսկողությունն իրականացնող ավելի քան 3 տասնյակ թուրք հատուկջոկատայինների գերեվարման մասին տեղեկատվությամբ (դեռևս ս.թ. մարտին դամբարանը հսկող պահակախումբը փոխարինվել էր թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներով):
Զուգահեռաբար ԹՀ խորհրդարանում արդեն այսօր ակնկալվում է այդ երկրի կառավարության կողմից ներկայացված՝ Թուրքիայի կողմից Սիրիայի և Իրաքի տարածքներում անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու լիազորության վերաբերյալ նախագիծը:
Մերձավորաևելյան տարածաշրջանում և դրանից դուրս վերջին շրջանում ձևավորված մի շարք իրողություններ՝ մասնավորապես՝ Արևմուտքի կողմից Անկարայի դեմ իրականացվող միջազգային լայնամասշտաբ ճնշումն՝ ԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիային գործնական մասնակցություն ցուցաբերելու հարցում, թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում՝ հիմնականում քրդաբնակ Այն ալ-Արաբի (քրդական անվանումը Քուբանի) շրջանում վերջին 2 շաբաթներին ԻՊ-ի և քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 150 հազար քուրդ փախստականների՝ սահմանը հատելու հանգամանքով առաջացած հումանիտար խնդիրներին զուգահեռ նաև Թուրքիայի տարածքի ուղղությամբ հաճախ ուղղվող կրակահերթերը և, անշուշտ, նաև իսլամականների կողմից Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի պապի՝ Սուլեյման Շահի դամբարանի գրավման հանգամանքը հավաստում են Թուրքիայի կողմից որևէ ձևաչափով Սիրիայի տարածք ուղղակի ռազմական ներխուժում իրականացնելու հնարավորությունը:
Ինչ խոսք, կանխատեսելի էր, որ թուրքական իշխանությունների կողմից նման որոշման կայացումը կարող էր բախվել նաև հասարակական լայն զանգվածների լուրջ դիմադրությանն, նվազագույն դեպքում դժգոհությանը՝ հաշվի առնելով ավելի քան 3.5 տարի շարունակվող սիրիական ճգնաժամի ընթացքում Սիրիայի տարածքից սպառնացող իրական վտանգի առաջացման գործում հենց Անկարայի գործուն դերակատարությունը: Ասել է, թե՝ Սիրիայում թուրքական պետության ուղղակի ռազմական միջամտությունն իրագործելու համար այդ երկրի իշխանություններին առավել էական հիմնավորումներ են հարկավոր: Ինչ խոսք, շատ ավելի ազդեցիկ փաստարկումներ կարող էին հանդիսանալ ներքին զինված հակամարտության շրջանակներում սիրիական բանակային ստորաբաժանումների կողմից հակակառավարական տարաբնույթ խմբավորումերի դեմ իրականացվող ռազմական հարձակումների հետևանքով Սիրիային սահմանկից թուրքական շրջաններին հասցված ուղղակի վնասի հանգամանքը, բայց, ավաղ, տևական ժամանակ է, ինչ Թուրքիայի հետ սահմանը վերահսկվում է բացառապես Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումների, մասամբ նաև՝ քրդական ուժերի կողմից:
Այս պարագայում, բնականաբար, առավել պատեհ առիթ և ուղղակի սպառնալիք թուրքական պետությանը, քան միջազգային հանրության թիրախ հանդիսացած ահաբեկչական կազմակերպության կողմից վերոնշյալ պատմական հուշարձանի գրավման փաստն է, չէր էլ կարող լինել:
Մյուս կողմից, դամբարանի հետագա ճակատագիրն, ապա նաև դրա հետ կապված զարգացումները կարող են որոշակի պարզություն մտցնել Թուրքիայի և ԻՊ-ի միջև կասկածելի կապերի առկայության, գուցե նաև՝ հերքման հարցում: Սեփական բիրտ գործունեությունը, բռնություններն ու վայրագությունները մշտապես իսլամական իրավունքի դրույթներով հիմնավորող ծայրահեղական կառույցի թիրախում ոչ միայն հեթանոսներն ու այլադավաններն են՝ անկախ ազգությունից, այլև՝ նրանց հոգևոր ժառանգությունը, պատմամշակութային հարստությունը և ընդհանրապես որպես կուռք կամ երկրպագության առարկա հանդիսացող բոլոր երկրային կառույցներն ու շինություններն, անգամ՝ գերեզմանները: Այս համատեքստում, տրամաբանական է, գուցե նաև օրինաչափ, որ իսլամականների թիրախ դարձած, ասենք, շուրջ 3 հազարամյակի պատմություն ունեցող ասորական Քալհու պալատին, Սեթ, Իոնա, Դանիել մարգարեների գերեզմաններին, Դեր Զորի Սրբոց Նահատակած հայկական եկեղեցուն և մի քանի տասնյակ այլ հոգևոր, պատմամշակութային հուշարձաններին, մզկիթներին, եկեղեցիներին հասցված տարբեր աստիճանի վնասների ճակատագրին կարժանանա նաև Սուլեյման Շահի դամբարանը:
Իսկ իսլամականների նման գործողության հավանականությունն ունի հետևյալ բացատրությունը: Անվիճելի է, որ ԻՊ-ն իր տրամադրության տակ եղած հնարավոր ողջ ներուժով ի զորու չէ պահպանելու դամբարանի վերահսկողությունը թուրքական կանոնավոր բանակային ստորաբաժանումների ճնշման տակ: Հետևաբար, ծայրահեղական կառույցին մնում է սեփական գործելաոճին հավատարիմ ևս մի աղաղակող գործողությամբ լսելի դառնալ երկրագնի բոլոր ծայրերում, ինչպես, ասենք, արդեն մի քանի ամիս շարունակ Սիրիայում և Իրաքում խաղաղ բնակչության դեմ պարբերաբար իրականավող սպանդները, եզդիների ցեղասպանությունը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի 3 քաղաքացիների գլխատումը, մասամբ նաև՝ հայկական եկեղեցու պայթեցումը և այլն:
Ինչ վերաբերում է Թուրքիայի քայլերին, ապա դամբարանը և այն հսկող պահակախմբին փրկելու միակ ճանապարհը կրկին ԻՊ-ի հետ բանակցություններն են, բայց այս դեպքում զիջումները շատ ավելի էական և անթաքույց կլինեն, քան Մոսուլի հյուպատոսության անձնակազմի և նրանց ընտանիքների վերադարձման գործընթացն էր: Հակառակ դեպքում՝ Սուլեյման Շահի դամբարանի գրավումն, անխոս, կարելի է դիտարկել՝ որպես Անկարայի կողմից պատվիրված հերթական գործողություն...
Արմեն Պետրոսյան