Այսօր հերթական աչքալուսանքը ստացանք, ավելի ճիշտ հերթական ծաղրը մեր հանդեպ. ՌԴ-ի մի տասներորդական պաշտոնյա մեզ տեղեկացրեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հետաձգվում է մինչև եկող տարվա հունվարի 2-ը, այդ էլ այն դեպքում, եթե այս տարվա հոկտեմբերի 10-ի Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում ՀՀ-ի հետ կապված որևէ խոչընդոտ չլինի, իսկ եթե լինի՝ ուրեմն նշված ժամկետն էլ կարող է անորոշ ժամանակով հետաձգվել:
Հետաքրքիրն այն է, որ երբ «եռյակը» որոշեց մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքի օրը, իշխանության մանկլավիկները, որոնք եթե ՌԴ նախագահի 15-րդ օգնականի երրորդ քարտուղարուհու հետ չեն ճշտում իրենց օրակարգը այդպես անօրակարգ ու պարալիզված մնում են, մինչև իմանան՝ ինչն իրավունք ունեն անելու, իսկ ինչը՝ ոչ, իհարկե նրանց համար դժվար է պատկերացնել, որ հոկտեմբերի 10-ին «եռյակի» հանրահավաքը ոչ մի կապ չունի Հայաստանի անդամակցության հետ կապված այդ օրը կայանալիք Մինսկի համաժողովի հետ: Ու անգամ այդ օրը զուգադիպություն էլ չէ, քանի որ այդ օրը որևէ կերպ կարևորված չէ ոչիշխանական ուժերի օրակարգում, որպեսզի պատակահան համընկնումից խոսենք: Իսկ եթե «եռյակն» իր հանրահավաքային շարժման օրակարգը իսկապես համապատասխանեցներ իշխանությունների արտաքին քաղաքական ձախողված նախաձեռնողականության ձախորդ օրերի հետ, ուրեմն առաջիկայում հանրահավաք չպետք է անեին ու ՌԴ-ի հերթական չինովնիկի խաբարին պիտի սպասեին, իսկ Նազարբաևի ուղեցույց-խոսքը կա ու կա:
Մինչդեռ, հրաշալի գիտենք, որ մեր հարցերը ներսում են լուծվելու ու մեր ուժերով, այլապես՝ ինչ տարբերություն, թե ում վասալը կլինես՝ Արևմուտքի, թե ՌԴ-ի: Ու եթե մեկի աջակցությամբ մյուսին պետք է հաղթենք, ապա անգամ լավագույն դեպքում լինելու ենք մեզ աջակցողի հպատակը, իսկ բացասական զարգացումների պարագայում՝ Ուկրաինայի կամ Սիրիայի պես ներքաշվելու ենք պատերազմի մեջ, բայց ավելի վատ տարբերակով:
Պետք է ցավով փաստել, որ եթե մեր երկրին մերժում են այսպես ստորացուցիչ ձևով, ապա այդ դեպքում քիչ ուրախանալու բան ունենք, քանի որ այդ վիճակով մեզ էլ որտե՞ղ կընդունեն: Իսկ եթե մեր իշխանությունները որոշեն կոմպլեմենտար քաղաքականություն վարել, ապա այս աշխարհաքաղաքական մերժվածի հետ ո՞վ պետք է նորմալ հարաբերություն հաստատի, եթե դիմացը արժանապատիվ գործընկեր չտեսնի:
Եթե բոլորը հասկանում են, որ այս իշխանությունները գլխապատառ ԵՏՄ են ուզում մտնել, ու մեզ մերժում են անգամ այդ պարագայում ու գցում դռնեդուռ, ուրեմն մեզ ավելի ցածր դիրքում են տեսնում։ Այդ դեպքում էլ ո՞վ մեզ գործընկեր կճանաչի: Այսինքն՝ սա այն դեպքն է, որ ԵՏՄ-ին անդամակցության ձգձգումից էլ չենք ուրախանում, որովհետև ստացվում է, որ «մերոնք» ուզում են վասալ դառնալ, բայց մեզ ասում են՝ քո պես վասալ մեզ պետք չի, քանի որ Ադրբեջանին սիրաշահելն ավելի շահեկան է մեզ համար:
Այս վիճակից դուրս գալը ոչ թե անդամակցությունն է ԵՏՄ-ին, ոչ թե հրաժարվելն այդ մտքից, ոչ թե ԵՄ-ի հետ բանակցությունները վերսկսելը, այլ առաջին հերթին Հայաստանի ներսում փոփոխությունների հասնելը։ Միայն այդ դեպքում հնարավորություն կունենանք վերականգնելու մեր երկրի միջազգային վարկը:
Արմեն Հարությունյան