Առևտրականները, ովքեր օրեր առաջ Հովիկ Աբրահամյանին համարում էին ՙՙամենալավ վարչապետ՚՚՝ նրանից ու կառավարությունից հույսները կտրել են ու այսօր հավաքվել էին ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ ազգի ընտրյալներից պահանջելով փոխել ՙՙՇրջանառության մասին՚՚ օրենքը:
Ավելորդ է ասել, որ Բաղրամյան 19-ում 131 ընտրյալ, բառի բովանդակային ու բուն իմաստով, չկա ու պետք չի առանձնակի հույսեր փայփայել, որ գործադիրի թելադրանքով ՙՙկոժակ սեղմողներն՚՚ ընդառաջ կգնան մարդկանց, ովքեր մի շաբաթ, մեկ ամիս անց կարող են կորցնել իրենց փոքրիկ գործը, տուն ու երեխա պահելու վերջին միջոցը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը շատ տեղին ու համարժեք առաջարկություն է արել, որպեսզի առևտրակակնների հանդեպ կիրառվի հարկային դիֆերենցված քաղաքականություն. նրանք, ովքեր ուզում են աշխատել առանց ապարանքների փաստաթղթավորման՝ վճարեն 3,5 % հարկ, փաստաթղթավորմամբ աշխաատողները՝ 1%:
Հիմա, եթե մեր իշխանություններն ուզում են խնդրին լուծում տալ, ապա սա իդեալական առաջարկ է ու պետք է այն ընդունվի՝ մանավանդ, որ Եռյակը մտադիր է արտահերթ նիստի առաջարկ անել:
Եթե այս առաջարկությունը չի ընդունվում, նշանակում է՝ մենք ապրում ենք ՙՙջունգլինների կանոններով՚՚, որտեղ ՙՙմեծ շնաձկներն՚՚ անընդհատ պետք է հոշոտեն մանր ՙՙձկներին՚՚:
Կառավարությունն ասում է, որ իր հարկային քաղաքականության թիրախը խոշոր գործարարներն են:
Չեմ հավատում, որովհետև բյուջեի հավաքագրումները ձախողվում են, ու կառավարությունը դարձյալ որոշել է քերթել փոքրի ու միջինի կաշին:
Հակառակի մեջ գոնե մեկ անգամ կուզեմ համոզվել ու տեսնել, որ խորհրդարանական մեծամասնությունը վերանայումներ է կատարում իր իսկ ընդունած օրենքում՝ ապացուցելով, որ միջին խավի կայացման խոստումն իր համար ոչ թե ծրագրային կենաց է, այլ՝ պրակտիկ քաղաքականություն:
Սուրեն Սուրենյանց