Այսօր Բրիժիդ Բարդոն դառնում է 80 տարեկան:
Նա անցյալ դարի 50-60-ական թթ-ի ֆրանսիական կինոաստղ է, սեքս-խորհրդանիշ:
Շատերը կարծում են, որ դերասանուհուն մեծ ճանաչում բերեց Բարդոյի խաղացած դերը՝ 1956թ-ին նրա այն ժամանակվա ամուսին Ռոժե Բադիմի ռեժիսորությամբ ստեղծված ՙՙԵվ Աստված ստեղծեց կնոջը՚՚ ֆիլմում:
Սա Բադիմի ռեժիսորական դեբյուտն էր ու Բարդոյի համաշխարհային փառքի գագաթնակետը: Այս ֆիլմը շատերի համարում են անցյալ դարի 60-ականների սեքսուալ հեղափոխության նախակարապետը: Բադիմն առհասրարակ համարվում էր ՙՙնոր ալիքի՚՚ ռեժիսոր, ով իտալական նեոռեալիզմի օրինակով՝ հարվածում էր ավանդական կինոյի կարծրատիպերին:
Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է խոսեին ՙՙԵվ Աստված ստեղծեց կնոջը՚՚ ֆիլմի, այդ ֆիլմում Բարդոյի դերի, սեղանի վրա նրա պարի մասին...
Նրա տպավորիչ, ազդու գեղեցկությունն ու աննկարագրելի գրավչությունը դերասանուհուն բերեցին համաշխարհային ճանաչում:
Իսկ ունեցե՞լ է Բարդոն տաղանդ:
Սա հարց է, որի պատասխանը ծնում է հակասություններ, տարբեր, հաճախ իրարամերժ կարծիքներ:
Համենայն դեպս, Բարդոն արդեն 40 տարի չի նկարահանվում. նա վերջին դերը խաղացել է երիտասարդական հմայքի կորստի նախաշեմին: Բարդոն չէր ուզում էկրանին երևալ ծերացող կնոջ կերպարանքով:
Հայտնի դերասանուհին հանդես է եկել նաև երգչուհու կարգավիճակով:
Հենց նրա հետ է 1967 թվականին Սերժ Գեյնզբուրը ստեղծել իր հայտնի էրոտիկ շեդևրը՝ ՙՙJe t'aime... moi non-plus"-ը:
Բարդոն Գեյնզբուրի սիրուհին էր ու, վախենալով իր ամուսնու՝ գերմանցի Գյունտեր Զակսի զայրույթից, խնդրել է Բարդոնին չթողարկել ալբոմը:
Մեկ տարի հետո, երիտասարդ անգլուհի Ջեյն Բիրկինը նշանավոր դարձավ հենց ՙՙJe t'aime... moi non-plus"-ի շնորհիվ:
Այնուամենայնիվ, հեռավոր 1986-ին թողարկվեց ՙՙJe t'aime... moi non-plus"-ը՝ Գեյնզբուրի ու Բարդոյի կատարմամբ:
Իր կյանքի մյուս քառասուն տարիները Բարդոն նվիրեց կենդանիների պաշտպանությանն ու քաղաքականությանը՝ դարձյալ սկանդալներով ու դատական քաշքշուկներով:
Օրինակ, նա կրտել է հարևանի ավանակին, որովհետև կարծել է, որ այդ կենդանին սեռական ոտնձգություններ է կատարել իր ձիու նկատմամբ:
Կամ Բարդոնը հանդգնեց Չինաստանի նախագահ Ցզյան Ցզեմինին հռչակել վագրերի թշնամի, վերջերս սպառնաց հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից, եթե Լիոնի կենդանաբանական այգում ոչնչացնեն տուբերկուլյոզով հիվանդ երկու փղի:
Սովորաբար, կենդանիների պաշտպաններն ունենում են քաղաքական ձախ հայացքներ, սակայն Բարդոն համակրում է Ֆրասիայի ազգայնականներին:
Սա նույնպես պարադոքս է՝ ինչպես հայտնի դերասանուհու ողջ կյանքը:
Բարդոն հրապարակավ արտահայտում է իր զզվանքը մուսուլմանների, հոմոսեքսուալիստների, ժամանակակից արվեստի ու ֆրանսիական քաղաքական այսօրվա էլիտայի հանդեպ:
Դատարաններում նա մի քանի տասնակ հազար ֆունտ է վճարել իր կտրուկ արտահայտությունների համար:
ՙՙԲարդոն մնում է Բարդո, սահմանումների նա չի ենթարկվում: Շատ դեպքերում՝ նա մինչ այսօր էլ մնում է անհոգ էգոցենտրիկ երեխա՚՚,- այս խոսքերը պատկանում են դերասանուհու կենսագիր Մարի-Դոմինիկ Լելեվրին ու դժվար է դրանց հետ չհամաձայնելը:
Սուրեն Սուրենյանց