Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց, ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ եկեղեցին ունի Խաչին նվիրված ազգային եւս մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո: Այս տարի Վարագա Սուրբ Խաչի տոնը կնշվի վաղը՝ սեպտեմբերի 28-ին:
Տեր Զենոն քահանա Բարսեղյանի փոխանցմամբ՝ Տոնը նշվում է հետեւյալ կերպ. մատուցվում է Սուրբ Պատարագ, երեկոյան լինում է Խաչի թափոր՝ ռեհանով զարդարված: Անդաստան է կատարվում եւ օրհնվում է աշխարհի 4 ծայրը:
«Այո, վաղը Վարագա Սուրբ Խաչն է, եւ այն միայն մեր տոնն է: Եթե այն երեքը տոնակատարում է ընդհանրական եկեղեցին, Վարագա Սուրբ Խաչը տոնակատարում է միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին՝ ի հիշատակ Սուրբ Հռիփսիմե կույսի՝ Տիրոջ Խաչափայտից բերված մասունքի, որը գտան Վարագա լեռան վրա»,-ասել է նա:
Վրեժ Հովսեփյան