Պարզվում է ԵՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերը բավականին բարձր են, բայց երեկ հրապարակված Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի 4-րդ հավելվածում առանձնացված է (ի դեպ 90 էջանոց ցուցակ է) այն բոլոր ապրանքների ցուցակը, որոնք անցումային փուլում կունենան արտոնյալ դրույքաչափեր: Այսինքն, անցումային փուլում (առաջիկա 5-6 տարիներին) կարող ենք չմտահոգվել, քանի որ հիմնական ներմուծվող ապրանքների մասով դրույքաչափերը կտրուկ չեն բարձրանա: Սակայն այստեղ կա ևս մեկ բայց... Չէ՞ որ մենք 5-6 տարով չենք մտնում ԵՏՄ, հետևաբար ի՞նչ պատկեր ենք ունենալու անցումային փուլից հետո: Արդյո՞ք հնարավոր է ոչ ՄՄ տարածքից ներմուծվող ապրանքները այս կարճ ժամանակում փոխարինել ՄՄ-ում արտադրվողներով, թե՞ 2020թ-ից շարունակելու ենք նույն ապրանքները ներմուծել երրորդ երկրներից՝ արդեն բարձր մաքսատուրքերով: Կասկածները ավելի են խորանում, երբ դիտարկում ենք առանձին ապրանքների օրինակով:
Օրինակ՝ Հայաստանը 2013թ-ին ներմուծել է 127 մլն դոլար ընդհանուր (2012թ-ին՝ 110մլն դոլար) արժեքով դեղագործական ապրանքներ, որից միայն մոտ 8 միլիոնն է ներմուծվել ՄՄ տարածքից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան): Հայաստանում գործող Մաքսային օրենսգրքում սահմանված է, որ դեղագործական ապրանքների ներմուծման մաքսատուրքը 0% է: Միևնույն ժամանակ, ներկայումս ԵՏՄ-ում դեղորայքների ներմուծման համար սահմանված է 5.5-8% մաքսատուրք: Ի՞նչ է ստացվում, անցումային փուլում (մինչև 2020թ-ը) դեղագործական ապրանքի վրա սահմանվող մաքսատուրքը 0%-ից աստիճանաբար մոտեցվելու է ԵՏՄ-ում գործող ընդհանուր մաքսատուրքին: Այսինքն, եթե դեղորայքի ներմուծման աշխարհագրությունը առաջիկա 6 տարիներին չփոխվի կամ ներմուծումը չփոխարինվի տեղական արտադրանքով, ապա 2020թ-ին նույն դեղերը, որոնք այսօր ներմուծում ենք առանց մաքսատուրքերի, ստիպված ենք լինելու սահմանին վճարել 5.5-8% մաքսատուրք: Իսկ հիմա դիտարկենք կոնկրետ դեղորայքի ներմուծման աշխարհագրության փոփոխման հնարավորությունները: ԵՏՄ երեք երկրներից կարելի է դեղորայք ներմուծել միայն Ռուսաստանից (և շատ քիչ նաև Բելառուսից), սակայն խիստ կասկածելի է մնում այն, թե արդյո՞ք հնարավոր է երրորդ (ԵՏՄ տարածքից դուրս) երկրներից ներմուծվող դեղագործական ամբողջ ապրանքատեսականին փոխարինել ռուսական արտադրանքով, այն դեպքում, երբ այժմ ռուսական դեղորայքի ներմուծման ծավալները ընդամենը 6մլն է, այսինքն՝ Հայաստան ներմուծվող դեղորայքի 5%-ը: Ավելին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման և տեխնոլոգիաների մուտքի սահմանափակման պայմաններում իրատեսական չէ, որ 4-5 տարիների ընթացքում Ռուսաստանում դեղագործական ոլորտը այնքան զարգանա, որպեսզի կարողանա ավելի մրցունակ լինել, քան օրինակ գերմանականը, ֆրանսիականը կամ ամերիկյանը:
Սա իհարկե, միայն մեկ ապրանքախմբի մասով ենք դիտարկել և չի կարելի այն տարածել բոլորի վրա, բայց այս հարցերը խորը ուսումնասիրման և լայն քննարկման կարիք ունեն, որպեսզի հնարավորինս տեսանելի դառնա, թե ի վերջո ինչ պատկեր ենք ունենալու ԵՏՄ-ին վերջնական ինտեգրվելուց հետո:
Գովելի է, որ հայկական կողմը հասել է նրան, որ կա այդ արտոնյալ դրույքաչափերի ցուցակը, սակայն ժամանակն է, որ ԵՏՄ հիմնադիրներ անդամների մոտ բարձրաձայնվի նաև երկարաժամկետում ի հայտ եկող ռիսկերի մասին: Ի վերջո մենք ԵՏՄ-ի ամենափոքր, ընդհանուր սահման չունեցող և շրջափակման մեջ գտնվող միակ անդամն ենք լինելու և նպատակահարմար է, որ արտոնությունները շարունակվեն ոչ թե 5-6 տարի, այլ այնքան ժամանակ մինչև տնտեսությունը ի վիճակի կլինի անցնցում կրել ինտեգրացիոն կառույցի պարտավորությունները և օգտվել առավելություններից:
Հակոբ Սաֆարյան