27.09.2014, օր՝ շաբաթ
Սուրբ Գևորգ զորավարի հիշատակության օրն է
Ս. ԳԵՎՈՐԳԸ Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ էր: Զինվորագրվելով հռոմեական բանակին' իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին' բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին' ենթարկելով անասելի չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, նրանց թվում' նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են երկու բաժակ թույն պատրաստել՝ սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո' մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի' կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը' ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին:
Նահատակվելուց առաջ, երբ Ս. Գևորգ զորավարն աղոթում էր առ Աստված, հանկարծ ձայն լսվեց երկնքից, որն ասում էր. «Ով քո անունով որևէ բան խնդրի՝ կկատարեմ, իսկ դու եկ և վայելիր հավերժական ուրախությունը, որ պատրաստեցիր ինքդ քեզ համար, քո իսկ ճգնությամբ: Ես տալիս եմ քեզ զորություն և իշխանություն բոլոր դևերի և ախտաժետների վրա: Քո անունով դևեր կհալածվեն, կբժշկվեն հիվանդները, իսկ ովքեր տոնեն ու կատարեն քա նահատակության հիշատակը, ես կօգնեմ նրանց, որ ազատվեն նեղությունից, նրանց կփրկեմ բոլոր վտանգներից և փորձանքներից և դուրս կբերեմ բոլոր չար պատահարներից»:
Հ.գ-այսօր տոն է նաև իմ հարազատ Լուսակերտում, որի եկեղեցին նույնպես կրում է Սուրբ Գևորգի անունը:
Ս.Գևորգ Զորավարի բարեխոսությունը բոլորիս.ամեն:
Սուրեն Սուրենյանց