Հոկտեմբերից մեր երկրում գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն փոփոխությունը, որով նախատեսվում է փոքր եւ միջին բիզնեսի համար նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռի դրույքաչափը։ Գործող 3,5-ի փոխարեն այն կդառնա 1 տոկոս։
Այս օրենքով նախատեսված են մի շարք այնպիսի առանցքային ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան բացահայտել տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրական ծավալները, ինչն էլ կբարձրացնի թափանցիկությունն ու հնարավորություն կտա կրճատել ստվերը: Դրանով կառավարությունը նպատակ ունի հարկային դաշտ բերել ոչ այնքան փոքր, որքան խոշոր բիզնեսին։
Կառավարությունն այս քայլով նախ նպատակ է հետապնդում, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք:
Ստվերի դեմ արդյունավետ պայքար ծավալելու ճանապարհին համատարած փաստաթղթավորումը խիստ անհրաժեշտ գործիք է, և այդ ուղիով են անցել զարգացած ու մրցակցային շուկայական տնտեսություն ունեցող երկրները: Սակայն այս գործընթացը պետք է իրականացնել հնարավորինս անցնցում, որպեսզի խոշոր ձեռնարկությունների ստվերի կրճատումը միևնույն ժամանակ կաթվածահար չանի տնտեսության համար այդքան կարևոր ՓՄՁ-ների գործունեությունը:
Խաչատրյան Ժոռա