Ժողովուրդը նայում է քաղաքական դաշտին և ինչ տեսնում: Մի կողմից, իշխանական համակարգ, որն իր օլիգարխներով և թալանչի պաշտոնյաներով, թույլի հանդեպ զոռբայությամբ, ուժեղի հանդեպ զզվանքի հասնող ստրկամտությամբ, երկիրը հասցրել է աղքատության ու անհուսության եզրին, որտեղ մեծ մասի երազանքն է ժամ առաջ լքելու իրենց հայրենիքը:

 

Մյուս կողմից, այսպես կոչված, ընդդիմություն' իր «Քառյակ դաշինքներով», «Անկախության սիմվոլներով», «Հարյուրամյակը առանց ռեժիմի» շարժումներով, գռանտակեր ակտիվիստներով, որոնց անցյալը բոլորը լավ հիշում են, ներկան' զզվեցնում է, իսկ ապագան' մշուշոտ է, որոնց մի մասը ուղղակի բարոյական իրավունք չունի ինչ-որ քաղաքական հայտեր ներկայացնելու, մյուս մասի հռետորաբանությունը խորթ է ժողովրդին, իսկ մնացածի ծախվածությունը' ակնհայտ է:

 

 

Եվ այս պայմաններում, այդ բոլորով հանդերձ, միաձայն գոռում են, ժողովուրդը թու´յլ է, ժողովուրդը ծախվա´ծ է, ժողովուրդը անհու´յս է: Էդքան բանից հետո ժողովրդից ի՞նչ եք ուզում, ձեզ բոլորին տեսնողը կթուլանա էլ, կծախվի էլ, կհուսահատվի էլ: Ժողովուրդը իմաստուն է, նա տեսնում է ձախողակների և սրիկաների հավաքածուի, որոնք որևէ արդյունքի չեն հասել, և որոնց հետևից գնալը կրկին անգամ բերելու է հերթական հուսահատությանը և արտագաղթի ալիքի սրացմանը: Ինչպես Աբրահամ Լինկոլնը կասեր. «Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես»:

 

 

Լևոն Ստեփանյան