..Ես ուզում եմ խոսքս ավարտել' կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին։ Անկախ ամեն տեսակի քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերից' դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնմխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան եւ կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ. դա կարող է մեզ կործանման տանել։

 

Եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ եւ խնդրելով պահանջում եմ' հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք բոլոր տեսակի քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կփորձեն կուսակցականություն մտցնել, գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի իրենք դատվեն որպես դավաճաններ' քրեական օրենսգրքին համապատասխան։

 


Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած' ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցներին մեջ դավաճաններ մի փնտրեք։ Եվ, եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ, մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից եթե ընդամենը 10-15 տղա գա' մենք կունենանք 500 հոգանոց (ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ' կարելի է հավաքել տասնյակ հազարներ, բայց ես ուզում եմ 500) մահապարտների զորագունդ։ Էդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրելու հավանականությունը 50-50 տոկոսի նկատմամբ է։

 


Վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից' 10-15-ական հոգի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետեւ իրականում ոչինչ չի պատահել, որովհետեւ իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արթնացում, էսպես ցնցում, եւ էդ ցնցումը մենք պիտի անենք' դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոգեւորվի։

 

Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի-կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, եւ եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ։

15 օգոստոսի 1992 թվական:

 

 

Գևորգ Գյուլումյան