1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն արժևորեց իր պատմության էջերում հերոսապատված փառովոր դրվագներն ու վերընձյուղեց իր Ազատության գոյը, իրականություն դարձրեց իր Անկախության հավերժ թվացող երազանքը: Մենք կարողացանք վերստին սխրագործել սեփական պատմության էջերը: Դա կատարվեց ժողովրդավարական ճանապարհով, որը մեր Անկախության համար մղված գոյամարտը, քաջագործությունները ռազմի դաշտում զուգորդեց խաղաղ քայլով, հիմք դրեց ժողովրդավարական արժեքների զարգացմանը:
Հայը հիմք դրեց իր ներկային՝ վաղվա Հայաստանի սպասումով:
Մարդու իրավունքների և ժողովրդի իրավունքի հրաշալի "համադրում" էր սա. կոլեկտիվ և անհատական ազատությունների ու անկախության՝ որպես ժողովրդավարության դրսևորում, և, միևնույն ժամանակ, հավաքական գաղափարի ու միասնականության՝ որպես ազգային ազատագրության ու Անկախության արժեհամակարգ: Սակայն, իրականում մենք ամբողջապես չենք մարսել այդ երևույթի տված գաղափարական սնունդը:
Երբ "հոմո-սովետիկուսին", ով միշտ եղել է "հոր" փնտրտուքներում, եկավ փոխարինելու անկախականը, որոշ ժամանակ անց, պարզվեց, որ անկախականը դառնում է "հոմո-պոստսովետիկուս", որը թեև չի փնտրում "հայր", սակայն սկսում է կարծել, որ "հայրը" ինքն է: Բայց ժամանակը ստիպելու է, որ ձևավորվի "հոմո-ինդեպենդենտեն", և հայրեր կլինեն միայն ընտանիքում, իսկ մենք կթևակոխենք դոմոկրատական կոնսոլիդացման փուլ:
Այս օրը Հայ ժողովրդի 99 տոկոսը կողմ քվեարկեց Անկախությանը, իսկ երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, ԳԽ-ն Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Շնորհավոր բոլորիս տոնը...
Արման Սահակյան